Մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիներից երեքի՝ Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի մահվան պատճառը եղել է «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը։
Ոստիկանների արձակած «Չերյոմուխա-7»-երից միայն նշված երեք քաղաքացիները չեն տուժել։ «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին Հովհաննես Ասատրյանն է։ Նա 2010 թվականին արտագաղթել է Հայաստանից՝ բնակություն հաստատելով Շվեյցարիայում։ Հովհաննես Ասատրյանը էլեկտրոնային հասցեով նամակ է գրել գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն նրան այդպես էլ չեն պատասխանել։ Ասատրյանը պատմեց, որ 20 մետր հեռավորությունից դիմահար կրակել են իր ուղղությամբ, ոչ մի անզգուշություն չի եղել։
– ՀՔԾ պետն օրեր առաջ հայտարարեց, որ ըստ փորձաքննության արդյունքների, ոչ թե անզգուշությամբ խախտվել են զենքի կանոնները, այլ նշանառու կրակոցներ են եղել։
– Լավ, ասենք անզգույշ մի հատ կրակեին, բայց ես 4 հատ հրազենային վնասվածք եմ ստացել, ինձ գլխավոր բժիշկը պատմեց, որ երբ ինձ մտցրել են վիրահատության, երեք անգամ բժիշկներին փոխել են, երեք անգամ չեն կարողացել, թունավորվել են այդ հոտից։ Հիվանդանոցում ես 6 անգամ կլինիկական մահ եմ ունեցել, շատ ծանր եմ տարել, հիմա ձախ ոտքս չի աշխատում, հաշմանդամ է։ Դրանք նշանառու կրակոցներ են արձակել։
– Չե՞ք պատրաստվում գալ Հայաստան։
– Հեղափոխությունից հետո 13 օրով եկել, գնացել եմ, ուրախությանս չափ չկար։ Ինձ ՀՔԾ-ից հաղորդագրություն էին ուղարկել, որ իբր ուզում ես արի, ուզում ես՝ մի արի, ես իրենց մեյլ եմ ուղարկել, տեւական ժամանակ պատասխան չկա։
– Հետետ՞ւմ եք այս գործով իրադարձություններին։
– Այո, տեղյակ եմ, բոլորն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տան, օրենքի առաջ հիմա բոլորն էլ հավասար են։ 10 տարի շարունակ գիտեինք՝ ովքեր էին ղեկավարները, շունը շան թաթ չի կծի, դրա համար էլ չէր բացահայտվում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում