Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր արդեն տասնյակ հազարից ավելի գյուղացիական տնտեսություններում բերքը չի հասունանում՝ ջուր չկա. «Իրատես»

Սեպտեմբեր 18,2018 11:52

Երբ իրողությունները տագնապալի են, լուծումները` անտեսված, իսկ չինովնիկները, վարչապետի բնորոշմամբ, «ցրողական», ինչպե՞ս ենք խուսափելու աղետից։

Իսկ խնդիրն իրոք աղետաբեր է, գոյատևման հարցականով, որովհետև ջուրն ինքը կյանքն է, և դրանով ամեն ինչ ասված է։ Վերջին տարիների իրողությունները ցույց են տալիս, որ ջրի պակասի խնդիրը խորանում է, այսօր արդեն տասնյակ հազարից ավելի գյուղացիական տնտեսություններում բերքը չի հասունանում՝ ջուր չկա։ Որոշ տնտեսություններում այն աճեցնում են կոյուղաջրերով: Ջրպետկոմի նախկին նախագահի հավաստմամբ` համայնքների կեսից ավելին խմելու ջրի խնդիր ունի՝ ցամաքել են ստորգետնյա աղբյուրները։

Բնապահպանները տարիներով բղավում են, SOS հնչեցնում արդեն մոտակա հեռանկարում իրավիճակի առավել վատթարացման մասին. ջերմային ֆոնը էլ ավելի է բարձրանալու, տեղումները նվազելու են։ Մենք լսում ենք այս ամենը և, «խոր քուն մտած», շարունակում թալանել ջրի կուտակմանն ու անկորուստ, արդյունավետ օգտագործմանն ուղղված բյուջետային, դրամաշնորհային, վարկային միջոցները։ Թալանում ենք, գողանում նաև Սևանի ջուրը, բայց դա կարողանում ենք ներկայացնել որպես մարդասիրական քայլ։

Անցյալ տարի, գրեթե հենց այս ամիսներին, երբ նորից սրվեց ոռոգման ջրի խնդիրը, և դիմեցինք մեր վերջին հույսին՝ Սևանին, Ազգային ժողովի մի քանի հայտնի դեմքեր ջրառը հիմնավորեցին. «Եկեք գնանք կանգնենք գյուղացու՝ ջրի պակասից չորացող լոլիկի թփի մոտ և հարցնենք` հիմա ի՞նչ ես ասում, այ գյուղացի, Սևանից ջու՞ր տանք քեզ, թե՞ թողնենք, որ քո լոլիկի թուփը լրիվ չորանա»։ Ըստ էության, սա դեմագոգիա է, թալանը քողարկելու միջոց։ Գյուղացին շատ լավ գիտի, թե ինչպես ջրատարը կառուցելիս թալանեցին ցեմենտը, արմատուրան, ինչպես բանվորներին նեղացրին բարձր աշխատավարձ գրելով, բայց քիչ վճարելով, նրանք էլ սկսեցին գլուխ պահել, գործն այնպես չանել, ինչպես պետք է։ ՈՒ, խնդրեմ, արդյունքը՝ իր գնած ջուրը չի հասնում իր բոստանին, այն կորչում, անհետանում է թալանված, անորակ ջրատարից։

Այս դեմագոգիան շարունակվեց նաև այս տարի. Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարները հայտարարեցին, որ դեմ կքվեարկեին հավելյալ ջրառին, եթե տեսած չլինեին գյուղացու չորացած դաշտերը։ Իսկ ջրակուտակիչները, ջրատարները կառուցվել, նորոգվել էին հիմնականում այդ կուսակցության կառավարման օրոք, ու թալանի այսօրվա բացահայտումներն էլ հենց դա են փաստում։

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930