Անսպասելի՞ էր արդյոք Երևանի ավագանու ընտրության գործընթացի ներկայիս թեժությունն ու կոշտությունը, այսպես ասած՝ սև ու սպիտակը, թե՞ ոչ: Այս հարցին իսկապես դժվար է միարժեք պատասխանել, քանի որ մի կողմից թվում էր, թե առաջին ընտրությունը թավշյա հեղափոխությունից հետո լինելու է բոլոր առումներով օրինակելի: Մյուս կողմից՝ երևի թե նաև աստիճանաբար պարզ է դառնում, որ իրականում օրինակելին ամենևին չի նշանակում իդեալական, անթերի, այսպես ասած՝ հրեշտակների ընտրություն:
Քաղաքական պայքարը բավական դաժան է գործնականում բոլոր երկրներում, և որքան էլ տարօրինակ հնչի, այդ դաժան և կոշտ բնույթը հաճախ պայմանավորված է հենց նրանով, որ ընտրությունն իսկապես մրցակցային է, այսինքն՝ ամեն ինչ նախապես կանխորոշված չէ: Եվ այդ իմաստով, Հայաստանում մենք բոլորս, ըստ էության, դառնում ենք առաջին իրական ընտրությանն ականատես, և ներկայիս անգամ թեժ բնույթ կրող, կոշտ պայքարը իրականում ունի թերևս մի դրական կողմ՝ այն թատրոն չէ, այն իսկապես պայքար է, անկեղծ պայքար, որտեղ մասնակից կողմերը, ըստ էության, գիտեն, որ պայքարում են ոչ թե նախապես գրված սցենարի շրջանակում, այլ պայքարում են իսկապես հնարավորությունների շրջանակում, որ իրենց պայքարի շնորհիվ կարող են ստանալ քաղաքական այս հանգրվանում:
Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք Հայաստանում ընտրական իրական պրոցեսի ծնունդը: Սա, իհարկե, կարող է դիտվել իբրև առավելապես հուզական գնահատական, իրականում, սակայն, մենք պետք է պրագմատիկ նայենք իրավիճակին:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում