Իրավական կամ քաղաքագիտական տեսանկյունից Փաշինյանի թիմը խիստ փոքրամասնություն է կազմում իշխանական համակարգում։ Եվ ընդհակառակը՝ «ընդդիմությունը» բացարձակ մեծամասնություն է։ Ընդ որում, Փաշինյանի թիմը կրում է իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը եւ ունի չնչին իրավունքներ իր գործունեության իրականացման համար, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» ունի միայն իրավունքներ եւ ոչ մի բանի համար որեւէ պատասխանատվություն չի կրում։ Միակ պատասխանատվությունը, որը կրում է, արտահայտվում է սոցիալական ցանցերում նրանց քննադատող հեղափոխականների գրառումների տեսքով ու անչափ վիրավորվում դրանից, ասում՝ խոսքի ազատությունը սահմանափակվում է եւ այլն։
Այս աննորմալ իրավիճակը, երբ հասարակության կողմից նվազագույն աջակցություն ունեցող ուժերը ըստ էության բացարձակ մեծամասնություն են կազմում իշխանական համակարգում, իսկ բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող թիմը հակառակը՝ ունի նվազագույն լծակներ, իրավունքներ եւ հսկայական պատասխանատվություն, կարող է շտկվել միայն խորհրդարանական արտահերթ շուտափույթ ընտրություններով։ Երբ դրանք կանցկացվեն՝ անհայտ է։
ՀՀԿ-ն ու նրա բաց եւ թաքուն արբանյակները ամեն ինչ անելու են, որ այդ ընտրությունները հնարավորինս ձգձգվեն կամ ընդհանրապես տեղի չունենան։
Իսկ Փաշինյանի թիմը ամեն ինչ անելու է արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու համար։ Եվ այս դիմակայության հարցում ամենակարևոր, նույնիսկ որոշիչ գործոնը լինելու են Երեւանի ավագանու ընտրության արդյունքները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում