Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը կգնա՞ կառավարության վերաձեւման. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 18,2018 11:02

Հատկապես սոցցանցերում եւ նման հարթակներում «Իմ քայլի» կողմնակիցները ընդգծված հակաքարոզչություն են ծավալել թե՛ «Ելքից» արտածված «Լույս» դաշինքի ու անձամբ Արտակ Զեյնալյանի դեմ, թե՛ ԲՀԿ-ի ու անձամբ Նաիրա Զոհրաբյանի: Այսինքն, ըստ իրենց, առավել մեծ շանսեր ունեցող իրենց մրցակիցների դեմ: Օրերս էլ ԲՀԿ ավագանու թեկնածուներից մեկին ու նրա հետ եղած անձանց էին ոգեւորված ոստիկանները, Փաշինյանի հրամանին համահունչ՝ «պառկեցրել ասֆալտներին»:

Իրավիճակի ողջ «հմայքն» այն է, որ այս կատաղի պայքարը, եթե ոչ՝ լեզվատուրուդմփոցը ծավալվել է Նիկոլ Փաշինյանի ու նրա «Ելք» դաշինքի մեջ ընդգրկված, ավելին՝ նրա գլխավորած կառավարության կազմում ընդգրկված ուժերի միջեւ:

Ծիծաղելի կլինի կարծել, որ Երեւանի ավագանու ընտրություններում նրանք միմյանց հասցեին թուքումուր են անելու, իսկ հետո, ասես ոչինչ էլ չի եղել, նորից միասին նստելու են՝ կառավարության նիստերի ժամանակ, հետո նորից ելնելու են, էլի միմյանց ցեխոտելու:

Կարելի է ասել, որ «Ելք» դաշինք, ըստ էության, արդեն չկա: Գործնականում: Ի՞նչ դաշինքի մասին կարելի է խոսել, եթե դրա նկատելի դեմքերը միմյանց, կներեք, «ուտում են»: Նիկոլ Փաշինյանի գլխավորած փաստացի կոալիցիոն կառավարությունը, որ առանց այս էլ՝ արհեստական թելերով էր «կարված», այս ամենից այդ «կարերը» կորցրած է դուրս գալու: Եթե նկատի ունենանք, որ այդ ուժերն առանձին-առանձին են մասնակցելու արդեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա:

Հարց է ծագում. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը կգնա՞ կառավարության վերաձեւման, ասենք, դուրս հրավիրելով ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի», «Հանրապետության» ու ՀՅԴ ներկայացուցիչներին եւ նախարարական տեղեր ազատելով իր «Քաղպայմանագրի» համար: Թե՞, ասենք, նման քայլ նա կփորձի կատարել քիչ ավելի ուշ՝ ենթադրվող ԱԺ արտահերթ ընտրություններին ավելի մոտ, միաժամանակ բոլոր հնարավոր սխալների ու բացթողումների համար մեղադրելով իր կառավարության «հակահեղափոխականներին»:

Դա, թերեւս, տեխնիկական հարց է: Բուն խնդիրն այն է, որ միմյանց այսքան ջերմ ու կրքոտ վերաբերվող ուժերը նույն կառավարության կազմում են, ինչը ոչ մի լավ բան չի կարող հուշել: Ի վերջո, այլ՝ երկրի ու հասարակության համար կարեւոր խնդիրների դեպքում էլ նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է «վերմակն» իր կողմը քաշել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930