Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանել առևտրային սահմանափակումները բոլոր ոլորտներում, բացի լոլիկից, որի սահմանափակումը դեռ որոշ ժամանակ կպահպանվի: Կողմերը նաև պայմանավորվել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Թուրքիայի որոշ կատեգորիայի քաղաքացիների, այդ թվում մասնագետների և գործարարների համար:
Կարևոր առաջընթաց է գրանցվել նաև սիրիական կարգավորման գործում. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են ստեղծել «դեէսկալացիոն գոտի» Սիրիայի Իդլիբ նահանգում:
Սոչիում երկու նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում երկուսն էլ փաստել են. ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումն ավարտվել է. դրանք վերադարձել են բնականոն հուն:
Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2015թ. այն բանից հետո, երբ սիրիական սահմանին թուրքական ուժերը խոցել էին ռուսական Սու-24 օդանավը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ