Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան էլ Օսիպյանը նրանց կամ այլոց «ասֆալտներին պառկացնի», հետո բաց է թողնելու. «Իրատես»

Սեպտեմբեր 18,2018 10:31

Հազիվ թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ստիպված լինի երկար հետևել «ռեյդեր անելու» հրամանին, որով «ասֆալտներին պառկացնելու» մարդ չի մնա:

Գուցե կգտնվի խիզախ մեկը, որ Նիկոլ Փաշինյանին կասի` օլիգարխներն ու նախկին պաշտոնյաները ստեղծել են մասնավոր պահնորդական կազմակերպություններ օրինական ճանապարհով. 2012-ից գործում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, և 500 000 դրամ պետական տուրք մուծելուց հետո հնարավոր է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն: Միանգամայն օրինական հիմքերով են գործում «Ալֆա Դելտան», «Երկրապահ սեքյուրիթին», «Լեգիոնը», «Գրիֆը», «Միհրը», «Սպեցնազը» և մյուսները: Փոխեք օրենքը և զրկեք լիցենզիայից կամ փոխեք պայմանները, զրկեք զենք կրելու ու կիրառելու իրավունքից:

Ինչքան էլ Օսիպյանը նրանց կամ այլոց «ասֆալտներին պառկացնի», հետո բաց է թողնելու: Ու ի՞նչ: Հասկանալի չէ, թե ինչպես է «ասֆալտապառկեցումը» ընտրվել ժողովրդավարության չափանիշ` ցույց տալու, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ:

Նոր Հայաստանը երկու ոտքից կաղում է չափանիշների հարցում` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներում: Արժեքների հեղափոխություն չի եղել` շարունակում են նույն ոգով ու նույն սկզբունքով, ուղղակի ուրիշ անուններ են տալիս: Եվ հայտնի ձայնագրությունը միակ ապացույցը չէ:

Իշխանությունը ինքն իրեն խցկում է սև-սպիտակի փակ շրջանակ, քրեական գործի շրջանակներում` իրեն ընդդիմություն հռչակած Ռոբերտ Քոչարյանն ինքնապաշտպանությունը կառուցում է քաղաքական հալածյալի կերպարի մեջ: Աշունն ու ձմեռն էլ հետը` քաղաքական կյանքի քրեական քրոնիկոնի փոխակերպման հետ ենք բախվելու: Ձևակերպումները տարբեր են լինելու` պայքար կոռուպցիայի դեմ, թալանի վերականգնում, արդարության վերահաստատում: Ամբողջ հմայքն այն է, որ այդ ամենը ճիշտ է լինելու: Բայց` ընտրովի: Ու այս ամենի հանրագումարը Հայաստանը դարձնելու է անկանխատեսելի երկիր, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչպես են անցնելու իր առավոտը, կեսօրն ու երեկոն:

Ո՞վ ներդրում կանի այս Հայաստանում: Պատկերացնու՞մ եք` Օսիպյանի ենթակաները պատահաբար կանգնեցնեն ու ասֆալտին փռեն հայկական համարանիշներով մեքենաներով երթևեկող այսինչ երկրի այնինչ գործարարի` իր աշխատողների աչքի առաջ: Դե արի ու բացատրիր` ռեյդ ենք անում հակահեղափոխության դեմ, դուք մեր գլխի վրա տեղ ունեք, ձեր դեմ ոչինչ չունենք: Ու սա զավեշտ չէ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930