Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց լուսանկար, որտեղ երիտասարդ զինծառայողը՝ Արման Օրդուբեկյանը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում է։
Տիգրան Վիրաբյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հուզիչ լուսանկարն, ասաց, որ երիտասարդն ապրիլյան քառօրյա պատերազմին կորցրել է եղբորը՝ Արայիկ Օրդուբեկյանին։ Նա անհամբեր սպասել էր այս ներկայացման Արցախում ցուցադրելուն ու խնդրել հրամանատարին իրեն պարտադիր տանել թատրոն։ Արման Օրդուբեկյանը, ներկայացման ավարտից հետո ասել է, որ արցախյան քառօրյային կորցրած եղբորը վերստին գտավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման մեջ։ Հերոսի հայրը նույնպես եղել է դահլիճում։
Հիշեցնենք, որ աղմուկ հանած այս պիեսի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Լյուդվիգ Հարությունյանը, երաժշտության հեղինակը Հայկոն է, որն առաջին անգամն է ներկայացման համար երաժշտություն գրում։
Նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանն է, իսկ հերոսներին մարմնավորում են Նառա Սանթոյանը, Արկադի Ղարագուլյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Գաբոյանը: Մեծ թվով երիտասարդ դերասաններ են խաղում՝ Տարոն Գրիգորյանը (փեսայի դերակատարն է), Ջեմմա Ադամյանը (հարսի դերակատարն է), Գևորգ Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը․․․
Դրամայում փեսան՝ Արմենն ու հարսանիքին մասնակցող մյուս երիտասարդները, հեռախոսազանգով պատահաբար լսելով պատերազմի գույժը, կիսատ են թողնում քեֆ-ուրախությունն ու վազում ռազմաճակատ՝ այն վստահությամբ, որ հետ են գալու կիսատ թողած հարսանիքը շարունակելու։ Փեսան ռազմաճակատից հետ է վերադառնում, նրա ընկերներից ոմանք՝ ոչ։ Ընկերների կորստյան վիշտը սրտում, այդուհանդերձ իր մեջ ուժ է գտնում պարելու ու հարազատներին ստիպելու, որ նրանք էլ պարեն, քանի որ դա իր զոհված ընկերոջ պատգամն է։ Նա թիկունք դարձավ, որպեսզի հարսանիքները շարունակվեն, հայ ազգը բազմանա ու հարատևի։
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ