«Փաշինյանի առաջնահերթ խնդիրը ոչ թե սեփական թիմի հաղթանակը պետք է լինի, այլ արդար ընտրությունների անցկացումը: Նա պետք է հանդես գար հորդորներով, որ չկան սեւեր եւ սպիտակներ, որ իրար պաստառների վրա չի կարելի քո պաստառը փակցնել, որ համացանցում վիրավորական մեկնաբանություններ չի կարելի գրել, բայց չարեց այդ ամենը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լույս» դաշինքի առաջնորդներից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Արամ Սարգսյանի բնորոշմամբ՝ «սեւերի» եւ «սպիտակների» քաղաքականությունն առաջիկայում խանգարելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը. «Ընտրությունների պետք է գնալ ոչ թե հակադրելով եւ վախեցնելով, այլ կոնսենսուսի բերելով»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք որոշ ժամանակ առաջ կողմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, առանձին զրույցներում արդեն տարակուսանք են հայտնում. «Նման խնդիրների մեղավորը գործող իշխանությունն է: Չէ՞ որ այդ քաղաքական ուժերը հետագայում պետք է ԱԺ-ում քվեարկեն արտահերթ ընտրությունների անցկացման օգտին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ