«Արտակ Զեյնալյանի համար չկան «սեւեր» եւ «սպիտակներ»: Փոխարենը, նրա համար կան «հայրենիք» եւ «ծառայություն» հասկացությունները: Նա լինելու է բոլորի քաղաքապետը»,-«Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավում այսօր հայտարարեց դաշինքի առաջնորդներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Արտակ Զեյնալյանն անկաշառ է եւ անբիծ կենսագրություն ունի. «Երբ ասում են կոռուպցիայի դեմ պայքարը, ես նրան եմ պատկերացնում: Նրա պես մարդիկ են մերժում կոռուպցիան՝ իրենց կերպարով եւ անցած ճանապարհով»:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե քաղաքացիներն ուզում են, որ երկրում իսկապես ժողովրդավարություն հաստատվի, տարբեր քաղաքական ուժերից կազմված իշխանություն պետք է ունենալ՝ թե քաղաքային, եւ թե համապետական կառավարման համակարգում. «Սեւ եւ սպիտակ քաղաքացիներ չեն լինում: Չի կարելի սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը վերածել ատելության մթնոլորտի: «Լույս» դաշինքը քաղաքացիներին գույների չի բաժանելու»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ