«Ամպի չափ երեւակայություն է պետք ունենալ, որպեսզի մտածել, թե «Լույս» դաշինքը գործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար: Չգիտեմ՝ դա ո՞ր ժանրից է, բայց անհեթեթ է հնչում: Պարոն վարչապետ ջան, խնդիրը նրանում է, որ ձեր արտահայտած տեսակետով մեղադրում եք բոլորին: Եթե ձայն չես հանում, ժողովուրդը մտածում է, թե լռությունը համաձայնության նշան է: Ձայն հանում ես, ասում են, թե ինչու ենք մեր վրա վերցնում: Հիմա ո՞նց անենք»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը:
Նա խոսք հղեց վարչապետին. «Ժողովուրդը շատ ավելի է ուզում սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ: Նա չի ուզում ինքն իր հետ կռվել, հոգնել է դրանից: Հերիք է «ասֆալտին փռելուց», «քշելուց» եւ «դիակներից» խոսենք, հերիք է, էլ չկան նման բաներ: Այս ընտրարշավում չկա ուժ, որի դեմ կարելի է պայքարել: Բոլոր թեկնածուները պայքարել են նախկին ռեժիմի՝ ՀՀԿ-ի դեմ»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ չի կարելի նեղացնել իր հետ ճանապարհ անցած քաղաքական թիմին եւ առավելություն տալ միայն նրանց, ովքեր Փաշինյանի կողքին քայլել են հեղափոխության օրերին. «Եթե մենակ ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, եթե մենակ նրանց տեսակետն եք հաշվի առնում, ես այլեւս ասելիք չունեմ, բայց դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու՝ ԱԺ արտահերթ ընտրությունների գնալուց, որովհետեւ այդ ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ը, կանգնած էին ձեր կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են»:
Արամ Սարգսյանը կրկին խոսքը հղեց Նիկոլ Փաշինյանին. «Լավ էիք սկսել, պարոն վարչապետ, անգամ Առաքել Մովսիսյանն ասաց՝ «այնքան շնորհքով ներխուժեցին տուն, որ երեխաները չվախեցան»: Այդպես էր պետք շարունակել, ի՞նչ կարիք կար ասֆալտին փռել կամ եսիմ ինչ անել: Ամենավատ օրենքն անգամ այնպես կարելի է կիրառել, որ մարդիկ գոհ մնան»:
Արամ Սարգսյանին վրդովվեցրել է այն փաստը, որ հերիք չի՝ Հայկ Մարությանը քաղաքական դաշտը բաժանեց «սեւերի» եւ «սպիտակների», վարչապետն էլ հայտարարեց, թե նա 90 տոկոս ձայն է հավաքելու: Ըստ Արամ Սարգսյանի՝ չի կարելի նման հայտարարություններ անել եւ քաղաքական դաշտը դարձնել միակուսակցական: Այդպես, Արամ Սարգսյանի խոսքով, մյուս քաղաքական ուժերը սխալմամբ որակվում են «հակահեղափոխականներ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ