«Ես պատրաստ եմ բանավեճի, բայց եթե թեկնածուները չցանկանան, ես չեմ դրդի»,-«Լույս» դաշինքի այսօրվա նախընտրական հավաքում լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով բանավեճերի շուրջ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի եւ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի միջեւ հեռակա «հակամարտությանը»:
Արտակ Զեյնալյանը չցանկացավ անուններ հնչեցնել, թե որ թեկնածուներն են խուսափում բանավեճերից:
«Ես պատրաստ եմ ընդունել բանավեճի մարտահրավերը՝ ցանկացած թեկնածուի հետ»,-նշեց նա, ապա հավելեց. «Չի կարելի ստեղծել կերպարներ՝ «ուրվականներ» եւ դրանց որսալու նպատակով ստեղծել կոալիցիաներ»: Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում պետք է քարոզարշավն իրականանա. «Նկատելի է որոշակի լարվածություն, բայց դա ողջունելի չէ: Թշնամանք եւ ատելություն չպետք է լինի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ