Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
Բացման արարողությանը ելույթով է հանդես եկել Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, Թուրքիայում հակահայկականության ակտիվ քարոզիչ, հակահայկական միջոցառումների կազմակերպիչ Գանիրա Փաշաևան:
Թուրքիայի անվերապահ աջակցությունը ստանալու նպատակով տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր նահանգներում հակահայկական ամբոխավարական հայտարարություններով հայտնի Փաշաևան իր խոսքում մասնավորապես ասել է.
«Թուրքիայի թշնամին մեր թշնամին է, Ադրբեջանի թշնամին էլ Թուրքիայի թշնամին է: Մեր ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժն էլ մեր ուժն է: Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ: Որքան որ Ադրբեջանի հարցն է այնքան էլ Թուրքիայի հարցն է»:
Փաշաևան արտահայտել է այն միտքը, որ Թուրքիան նաև իրենց հայրենիքն է: