Այսօր վաղ առավոտյան Գյումրու կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում՝ Շիրակի մարզպետարանի մոտակայքում գտնվող «Կիլիկիա» բիստրոյի դիմաց, փողոցն անցնելիս «Գազ 24.10» մեքենայի 78-ամյա վարորդը վրաերթի էր ենթարկել թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի, 15-ամյա Անի Ղուկասյանին։
Նրան ժամը 8․50-ի սահմաններում տեղափոխել էին «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», իսկ մեկ ժամ անց շտապօգնության մեքենայով ուղարկել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ աղջիկը ստացել է գանգուղեղային վնասվածք, ձախ ականջի արյունահոսություն, ձախ նրբոլոքի վերին երրորդական փակ կոտրվածք, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանն էլ քիչ առաջ տեղեկացրեց, որ խոսել է երեխայի ծնողի հետ, մայրաքաղաքում մասնագետները զննել են՝ ասելով, որ այս պահին գլխի վիրահատության կարիք չկա։
ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Ըստ նախնական տեղեկությունների, աշակերտուհին եղել է քրոջ հետ, իջել են ավտոբուսից, փողոցն անցել ավտոբուսի դիմացից, «Գազ 24.10» մեքենայի վարորդն էլ չնկատելով՝ հարվածել է նրան՝ մի քանի մետր հեռավորության վրա գցելով։
Թե ո՞վ է մեղավոր, կպարզեն իրավապահները, սակայն նշենք, որ քաղաքի այս հատվածում ևս ակտիվ փողոցաշինական աշխատանքներ են ընթանում, անհարմար իրավիճակներ են ստեղծվել ոչ միայն հետիոտների,այլ քաղաքային տրանսպորտի վարորդների համար, որոնք չգիտեն՝ որտե՞ղ և ինչպե՞ս կանգնեն․ կանգառները ևս քանդված են։ Բացի այդ, Գարեգին Նժդեհի անվան փողոցում, թեև հետիոտների համար նախատեսված գծանշումներ կան, սակայն դրանք գրեթե ջնջվել են։ Ոստիկանները ևս հսկում են տարածքը, փորձում կարգավորել երթևեկությունը, իհարկե, երբեմն էլ կարելի է ականատես լինել, որ նրանք պահի տակ ինքնամոռաց զրույցի են բռնվում։ Մի խոսքով՝ քաղաքի այս մասում կարծես ամեն ինչ իրար է խառնվել։
Հիշեցնենք նաև, որ Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզպետ նշանակվելուց անմիջապես հետո հենց այս փողոցում ժողովրդի լեզվով ասած՝ «պառկած միլիցիաներ» տեղադրեց, որպեսզի փոքր-ինչ կարգավորվի երթեկությունը, թիվ 2 դպրոցի դիմացից անցնող մեքենաների վարորդներին ստիպի դանդաղ վարել։ Սակայն դա ևս չդարձավ հարցի հիմնավոր լուծում․ «պառկած միլիցիաներն» արդեն մաշվել են։
Հնարավոր չէ՞ր փողոցաշինությունն ավարտել մինչև սեպտեմբեր՝ դասերի սկսվելը, կամ կատարել այնպիսի ժամի, երբ դասապրոցեսն ավարտվել է։ Այս թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ, որը նաև Գյումրու ավագանու անդամ է։
«Օրն այսօր սկսվեց ցավալի միջադեպով․ ինձ հասած տեղեկություններով՝ պատճառը եղել է ճանապարհային կանոններից ոչ ճիշտ օգտվելը։ Աշակերտուհին տրանսպորտից դուրս է եկել, տվյալ տրանսպորտային միջոցը չի շարժվել, ինքը փորձել է դիմացից հատել փողոցը, և հետևից եկող մեքենան հարվածել է՝ չնկատելով նրան։ Ես ճշգրտել եմ տեղեկությունը դպրոցի տնօրենի հետ զրույցից, ականատեսներից, կոնկրետ պաշտոնական հաղորդագրություն չունեմ իմ ձեռքի տակ, պարզապես տեղյակ եմ, որ երեխային տեղափոխել են Երևան։
Ձեր դիտարկումն էլ շատ տեղին է, առավել ևս շատ լավ տեղյակ ենք, որ տարածաշրջանում եղանակային առումով պայմանավորված՝ ավելի կարճ ժամանակահատված է հատկացվում փողոցաշինական աշխատանքները կազմակերպելու համար։
Իհարկե, այս պարագայում դժվարություններ առաջացել են ոչ միայն հետիոտնի, այլ տրանսպորտային միջոցների համար, պարզապես պետք է շատ ավելի զգոն լինել, շատ ավելի զգույշ լինել, հատկապես բանուկ հատվածներում, հատկապես դպրոցական խաչմերուկներում։ Ի զարմանս ինձ, այդ միջադեպը տեղի է ունեցել այն պարագայում, երբ ճանապարհային ոստիկանները դասապրոցեսի ժամանակահատվածում իրականացնում են հերթապահություն։ Այստեղ ավելի շատ երևի թե զգոնության թուլություն կար թե՛ աշակերտի, և թե՛ տրանսպորտային միջոցների կողմից»,- ասաց Հրայր Կարապետյանը։
Մեր դիտարկմանը, թե գծանշումները մի տեսակ խամրել են, այնքան էլ լավ չեն երևում այդ հատվածում, մեր զրուցակիցն ասաց․ «Մաշվածությունը հարցի երկրորդ կողմն է, մեր փողոցները, իհարկե, չեն փայլում թե՛ մաքրությամբ, թե՛ գծանշումներով, առավել ևս նման աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում։ Ես էլի եմ կրկնում, որ բոլոր թերություններով հանդերձ՝ պետք է զգոնություն պահպանեք բոլորս՝ թե՛ հետիոտը, թե՛ տրանսպորտային միջոցների վարորդները, առավել ևս բանուկ հատվածներում»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է քաղաքային իշխանությունների կամ ոստիկանության հետ հանդիպել ու քննարկել դպրոցների դիմացի փողոցներում գծանշումները թարմացնելու հարցը։ Մենք նաև հիշեցրեցինք, որ մի քանի տարի առաջ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ստիպում էր Գյումրու քաղաքապետարանին տեղական բյուջեի հաշվին իրականացնել փողոցների կահավորման, գծանշումների հարցը, որը, բնականաբար, ահռելի գումար էր կազմում ու քաղաքային բյուջեն ի վիճակի չէր դա անելու։
«Վերջին ժամանակահատվածում նկատում եմ և շատ ուրախանում, որ հանրակրթական դպրոցներում ոստիկանության աշխատակիցներն անցկացնում են դասընթացներ, սեմինար-պարապմունքներ, ծանոթացնում են ճանապարհային երթևեկության կանոններին։ Սա ուրախալի է, եթե կիրառենք, օգտագործենք մեր առօրյա կյանքում։
Իսկ գծանշումների առումով այլ երկրների փորձից տեղյակ եմ, որ տարբեր հատվածներում արժեքային առումով բավական գումար է ներկայացնում․ շատ մատչելիից ընդհուպ մինչև շատ ավելի թանկարժեք, պահպանողականության ժամկետը շատ ավելի երկար է, ռեզինե նյութերից բաղկացած գծանշումներ ունեն, որոնք ավելի դիմացկուն են։ Իհարկե, սա մեր քաղաքի, մեր պայմանների համար չեմ ասում՝ հնարավորություն կունենք, թե չէ, բայց այս հարցին ավելի լուրջ պետք է անդրադառնալ ամբողջ փողոցաշինության ավարտից հետո, երբ կունենանք միջոցներ, ու կարելի է այդ գծանշումների մասով մտածել։
Այս պարագայում, էլի կրկնեմ, զգոնություն պետք է ունենան և՛ ոստիկանության աշխատողները, հնարավորինս կարողանան փողոցներն անցնելու շեշտը յուրաքանչյուրիս ուղղության վրա դնել։ Այսինքն չփորձենք տեսնել՝ ով կզիջի կամ ով չի զիջի, առավել ևս երեխաների մոտ նկատվում է անփութությունը, երբ չտիրապետելով կամ ուշադիր չլինելով՝ կարող են վթարի ենթարկվել»,- ասում է Հրայր Կարապետյանը։
Մեր հարցին՝ կարելի՞ է այսօրվա միջադեպն ինչ-որ տեղ նաև ոստիկանների թերացումը համարել, մեր զրուցակիցն ասաց․ «Ես այս պահին չեմ ուզում ինչ-որ մեկի վրա մեղքը բարդել, պարզապես շատ ցավում եմ, յուրաքանչյուրս պետք է աղոթենք այս երեխայի առողջության համար»։
Կրթության վարչության պետից հետաքրքրվեցինք նաև երեխայի ընտանիքի սոցիալական վիճակով, հարցրեցինք, թե ո՞վ պիտի հոգա հիվանդանոցային ծախսերը։ «Իմ տեղեկություններով՝ սոցիալապես լավ վիճակում չեն գտնվում, կարծում եմ կգտնվեն մարդիկ, հիվանդանոցն էլ իր հերթին այդ ծախսերը կհոգան։ Իհարկե, ծախսերն այս պահին երկրորդական մասն են, մեզ համար կարևորը երեխայի առողջությունն է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ