Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պետական մեքենան, բանուգործը թողած, աշխատում էր իմ դեմ»

Սեպտեմբեր 17,2018 20:50

Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը չի ընդունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի առաջարկը՝ քաղաքապետի 12 թեկնածուներով բանավիճելու:

Հիշեցնենք, որ նախկինում Հայկ Մարությանը հրաժարվում էր անհատական բանավեճերի ձեւաչափից: Այսօր նա առաջարկ հնչեցրեց, որ կբանավիճի, եթե բոլոր մրցակիցներով լինեն: Նաիրա Զոհրաբյանը մերժում է այդ ձեւաչափը, քանի որ այն արդյունավետ չի համարում:

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ էին արտահայտվել, ինչից հետո սոցիալական ցանցերում հակադարձումները վերածվեցին վիրավորանքներով վեճերի: Այսօր Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանն իր ելույթում հիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում է, թե բոլորս մի ընտանիք ենք: Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ «ընտանիքում չի կարելի կնոջը վիրավորել»: Նա հորդորեց նաեւ չգնալ անտագոնիզմի ճանապարհով, իսկ ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ Հայաստանի ապագան վճռվելու է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններում, կախված այդ ընտրությունների որակից եւ արդյունքից հստակություն կմտնի, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու վաղը:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց. «Երեկ խոսեցինք ճշմարտության մասին: Ճշմարտությունը ծանր է լինում»: Սակայն տիկին Զոհրաբյանը չի պատկերացրել, որ ճշմարտությունն այդչափ ծանր կարող է լինել, ինչեւէ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի կոտրվել: Նա նաեւ ընդգծեց, որ արատավոր է, երբ ողջ պետական մեքենան, թողած բանուգործը, սոցիալական ցանցերում անդրադառնում էր երեկ իր հնչեցրած ճշմարտությանը: Նաեւ խոստովանեց՝ այդ ամենից հետո իր ինքնագնահատականը բարձրացել է, բայց ինքն այն կարծիքին է, որ պետական ծառայողները պետության հոգսերով պիտի զբաղվեն:

Ի դեպ, այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտնել էին, որ Նոր Նորքում քարոզարշավին պետք է մասնակցի նաեւ Գագիկ Ծառուկյանը, սակայն նա չեկավ, ավելի ուշ պարզաբանեցին, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930