Սեպտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցում էր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդունվել են մի շարք որոշումներ առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման վերաբերյալ:
ԵԱՏՀ խորհուրդը ի թիվս այլ փաստաթղթերի հաստատել է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի և ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայանագրի կիրարկման ուղղությամբ մշակված ճանապարհային քարտեզները:
ԵԱՏՀ խորհրդի նիստի անդամներին ներկայացվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես նշվել է, որ հիմնական նախաձեռնությունները վերաբերում են թվային տրանսպորտային միջանցքներին և ֆինանսական տեխնոլոգիաներին, միաժամանակ ընդհանուր աշխատանք է տարվում համացանցային առևտուրը զարգացնելու ուղղությամբ:
ԵԱՏՀ խորհուրդը ընդունել է տեխնիկական կանոնակարգ գազի անվտանգության վերաբերյալ և փոփոխություններ է կատարել սննդամթերքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում:
Միության երկրների փոխվարչապետները ստորագրել են ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման մասին համաձայնագիրը, որը սահմանում է բանկային, ապահովագրության և արժեթղթերի շուկայի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղություններն ու կարգը՝ հիմնված միջազգային սկզբունքների և չափանիշների վրա:
Նիստի ընթացքում ԵԱՏՀ խորհուրդը հանձնաժողովի կոլեգիային հանձնարարել է մշակել եվրասիական ոսկերչական բրենդ ձևավորելու ուղղությամբ ինտեգրացիոն նախագիծ: Խորհրդի անդամները նաև ընդունել են մի շարք առևտրին առնչվող որոշումներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ