Երեւանի ավագանու բոլոր թեկնածուները մայրաքաղաքն ավելի լավը դարձնելու փնջերով խոստումներ են տալիս. Մետրոպոլիտենի կայան կառուցել կամ Աջափնյակինն ավարտին հասցնել, նոր ճանապարհներ կառուցել, կանաչ տարածքներն ավելացնել եւ այլն, եւ այլն: Բայց թե ինչ գումարներով, եւ ինչ բյուջեի մասին է խոսքը, գրեթե բոլորը լռում են:
«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով խոստանում է՝ «Ապահովել, որպեսզի 4 տարվա ընթացքում Երեւանի անխտիր բոլոր բակերը, ներթաղային ճանապարհները լինեն բարեկարգ եւ ասֆալտապատ, պահպանել ճանապարհների վերանորոգման որակական նորմերի շեմը եւ կառուցապատման խստիվ վերահսկողությունը: Հիմնանորոգել Մասիս-Բալահովիտ-Երեւանը շրջանցող ավտոճանապարհը, որը թույլ կտա Արարատյան դաշտից` շրջանցելով Երեւանը, դուրս գալ Սեւանի մայրուղի: Այդկերպ հնարավոր կլինի ոչ միայն նվազեցնել երեւանյան խցանումները, այլեւ դեպի երկրի Հյուսիս-Արեւելք ուղեւորափոխադրումները կազմակերպել այլընտրանքային ճանապարհով»:
«Ժառանգությունն» իր նախընտրական ծրագրում նաեւ գրել է՝ «Վերագործարկել հայտնի ճոպանուղին, ասֆալտի որակը պահպանելու, ինչպես նաեւ փողոցների երթեւեկությունը բեռնաթափելու եւ երթեւեկն ազատ դարձնելու նպատակով արգելել մեծատոննաժ մեքենաների մուտքը քաղաք կամ այն թույլատրել բացառապես գիշերային ժամերին»:
Արդյոք այս կուսակցությունն ունի ֆինանսական միջոցներ, կամ ծրագրերի իրագործման աղբյուրներ: Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» նախընտրական ցուցակի 2-րդ անդամը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ժառանգությունը» օլիգարխիկ կուսակցություն չէ, իշխանություն չի եղել, Հայաստանի քանդմանը ակտիվորեն չի մասնակցել, որ անձնական միջոցներ ունենա: Մենք բոլորս շատ սուղ միջոցներով գոյատեւող շարքային քաղաքացիներ ենք»:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրագործման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, Մարտիրոսյանն ասաց. «Տարիներ շարունակ այդ միջոցները ատկատներով գնացել են, արդյունքում մի իրավիճակ է ստեղծվել, երբ անընդհատ վերանորոգում ենք անում, բայց արդյունքում որակյալ ճանապարհ այդպես էլ չենք ստանում: Դրա համար, ոչ միայն կենտրոնական, այլ ծայրամասերում էլ որակյալ ասֆալտ չկա: Ուղղակի նորմալ ճանապարհ ես կառուցում, ու մնացած միջոցներն ուղղում ես արվարձանների փողոցներին»:
Մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների ծրագրի համար էլ, ըստ Մարտիրոսյանի, անպայման գրանտային միջոցներ են պետք կամ վարկ. «Ինչը տեղի է ունենում հենց հիմա Դավիթաշենի կամուրջն Աշտարակի խճուղուն միացնող ճանապարհի հետ: Լավ է, որ մի դրական բան կատարվում է: Թեեւ, ակնհայտ է, որ քրքրենք՝ մի բան կգտնենք, որովհետեւ նախկին իշխանությունների օրոք է այդ ամենը կազմակերպվել, բայց ցանկացած պարագայում գողանալու հետ այստեղ գործ են արել: Մեր ասած պարագայում, երբ մրցույթները թափանցիկ ես դարձնում, դրա շնորհիվ այդ գողությունը կանխում ես եւ երկարաժամկետ կտրվածքով աշխատանք ես իրականացնում, ինչն էլ արդյունք է տալիս: Մենք դա համալիր տեսքով ենք տեսել, ուստի ներառել ենք բարձրատոննաժ մեքենաների մուտքի արգելքը կամ միայն գիշերային ժամերին երթեւեկություն կազմակերպելու դրույթը: Այս ամենը առաջին հերթին ճանապարհների պաշտպանության խնդիրն է, որովհետեւ ցերեկային ժամերին այդ մեքենաները արգելակում են՝ միանգամից ասֆալտի դեֆորմացիա է առաջանում: Մի քանի նման արգելակում, այնպիսի ալիքներ են առաջանում, որ կարծես թե եզրաքարեր դրված լինեն փողոցի վրա: Դրա համար, եթե քաղաքը շրջանցող ճանապարհներ կառուցենք, կբեռնափաթենք երթեւեկությունը, ու ճանապարհների վրա այդքան մեծ ազդեցություն չի լինի, երթեւեկություն էլ կկանոնակարգվի»: Մարտիրոսյանն ասաց, որ մինչեւ այդ մեծ ներդրումները գտնելը, Երեւանի բյուջեի արդյունավետ կառավարման արդյունքում նշված խնդիրները կարելի է լուծել, իսկ բարձրատոննաժ մեքենաների երթեւեկության՝ իրենց առաջարկած արգելքի ծրագրի համար գումար չի պահանջվում:
Ինչ վերաբերում է մետրոյի կայանի կառուցմանը՝ թե ինչ գումարներով են ծրագիրն իրականացնելու եւ արդյոք ունեն հաշվարկ, որքան գումար կպահանջվի, մեր այս հարցին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց. «Տարբեր հաշվարկներ են եղել նախկին Արագած կինոթատրոնի այդ կայարանը՝ Աջափնյակի առաջին կայարանի դեպքում: Լսել եմ 25-250 միլիոն դոլարի շրջակայքում: Մենք ասում ենք՝ քաղաքում պետք է գույքագրում անենք, որպեսզի տեսնենք՝ առանց ատկատի, ինչ-որ թվեր բարձրացնելու (որովհետեւ բարձրացնում են, որպեսզի հետո տակից ատկատով փախցնեն), պիտի գույքագրել, հետո գումարը հասկանալ: Կարծում եմ շատ մեծ գումար չէ, իմ տեղեկություններով՝ հորատանցման աշխատանքները կատարված են: Կարծում եմ ավելի նվազ գումարներով Աջափնյակինը հնարավոր է հասցնել ավարտին: Սա նշանակում է՝ Դավիթաշենի, Աջափնյակի բնակիչները կարող են օգտվել: Էլ չեմ խոսում, եթե մենք 15-16 թաղամասերից Դավիթաշենից մինչեւ մետրո 25-30 դրամով երթուղային գծեր բացենք: Այստեղ որեւէ մեկը հստակ հաշվարկ չի կարող ասել, մինչեւ գույքագրում չլինի»:
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ին մետրոյի այս կայանի կառուցման համար գումար նշել էր՝ մինչեւ 100 միլիոն դոլար: Ընդ որում, Մարգարյանը մշտապես ասում էր՝ դա մեծ ծախս է, իրենք նման հնարավորություն չունեն: Այս առնչությամբ Մարտիրոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ 100, թե՝ 25 միլիոն, բայց գիտեմ՝ եթե 100 միլիոն լինի, քաղաքային բյուջեն, եթե չկարողանա ծածկել ֆինանսավորումը, ապա ցածր տոկոսով վարկ պետք է վերցնել, որովհետեւ դա կփոխի իրավիճակը, եւ նաեւ դեպի Մասիվ ու Կոմիտաս էլ կարելի է կայարան հիմնել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ