Վրաստանում ստեղծվում է Կանեփի վերահսկողության գործակալություն. այդպիսի նորարարություն նախատեսում է Վրաստանում ընդունված «Կանեփի վերահսկողության մասին օրինագիծը»:
Նախագծի համաձայն՝ Կանեփի վերահսկողության գործակալությունը կլինի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության վարչության մեջ հանրային իրավունքի դեմքը:
Օրինագծում նշվում է, որ գործակալության նպատակն է կանեփի օրինական շրջանառության հետ կապված գործունեության վերահսկողությունն ու կարգավորումը:
Գործակալության նպատակն է.
ա) կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պետական վերահսկողության ապահովում,
բ) կանեփի օրինական շրջանառության հետ կապված լիցենզավորման և գրանցման գործողությունների իրականացում,
գ) իրավասու մարմինների հետ համատեղ, Վրաստանի օրենսդրությանը համապատասխան, կանեփի շրջանառության հետ կապված իրավախախտումների կանխարգելումը, դրանց բացահայտումը և արձագանքը,
դ) կրթական ծրագրերին և կանխարգելիչ միջոցառումներին մասնակցությունը՝ թմրամոլության տարածումը կանխարգելելու նպատակով:
Գործակալության խորհրդարանական հսկողությունը կիրականացնի Վրաստանի խորհրդարանը:
Ըստ օրինագծի՝ կանեփի աճեցման բժշկական/ձեռնարկատիրական բիզնես սկսելու նախաձեռնության, ինչպես նաև տվյալ գործունեության կարգավորման համար պետական բյուջեից կծախսվի 500 հազար լարի:
Մարիխուանայի օրինականացումը վեճերի տեղիք է տվել Վրաց եկեղեցու և իշխանությունների միջև: Կաթողիկոս Իլյա Երկրորդը իր կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է կառավարության նախաձեռնության վտանգների մասին: Եկեղեցու ներկայացուցչի խոսքերով «թմրամոլներն այլ երկրներից կգան Վրաստան և կօգտվեն ընձեռված ազատությունից: Այդպես թմրամոլությունն ավելի կտարածվի Վրաստանում: Չպետք է ուշադրություն դարձնել միայն տնտեսության վրա: Մեր ինչի՞ն է պետք այդպիսի տնտեսությունը, եթե մենք կկորցնենք մեր երեխաներին»:
Պատրիարքի խոսքերով կառավարությունը պետք է պատասխանատվություն վերցնի և վերահսկի իրավիճակը, որպեսզի «այդ դժբախտությունը չգնա մասնավոր ոլորտ»: Պատրիարքը վստահ է, որ եթե դա տեղի ունենա, իրավիճակի վերահսկողությունը կլինի շատ ավելի բարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ