Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ արձակվեց, -ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):
Նախաքննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։