«Առանց այն էլ քարոզարշավի ընթացքում կարծես խժդժոցները շատ են. բնակչությունն էլ է խճճվել այս ամենի մեջ: Իրենք էլ են ասում, որ ամենահասկանալի, կազմակերպված, հանգիստ թիմն ՕԵԿ-ն է, որն իր քարոզարշավը տանում է առաջ»,- Շենգավիթում քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՕԵԿ նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա հայտնեց՝ շատ կուզի, որ իրապես լինի հաղթանակ հանուն շենգավիթցու, հանուն երևանցու: Այնուհետև վստահեցրեց. «ՕԵԿ-ն իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ բարեխիղճ է, բացառապես զբաղվել է այն առաքելությամբ, ինչի համար ձայն է ստացել: Հիմա էլ ունենալու ենք բարձր քվեներ»:
ՕԵԿ-ն ավագանու լիազորությունները ստանձնելու դեպքում խոստանում է համարձակ, նորարարական բարեփոխումներ ուղղված Երևանի զարգացմանը, առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, Երևանի տրանսպորտի արմատական բարելավում, աղբահանության խնդրի հիմնարար լուծում, աշխատատեղերի ստեղծում, միջին, փոքր գործարարության զարգացում:
Դառնալով Շենգավիթում գոյություն ունեցող խնդիրներին՝ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը նշեց. «Շենգավիթում խնդիրների մի մասն ընդհանուր է, ինչը բնորոշ է Երևանին՝ տանիքներ, վերելակներ, դռներ, մուտքեր և այլն: Աղբահանության մասին էլ չեմ ասում: Բարդ իրավիճակ է, քանի որ շուտով հիվանդությունները կսկսվեն տարածվել, եթե այս իրավիճակը շարունակվի: Շենգավիթը եղել է գործարանային, արդյունաբերական հատված ԽՍՀՄ տարիներին և այստեղ կենտրոնացել էր ինժեներական անձնակազմ: Փակվել են գործարանները, և մարդկանց մեծ մասը մնացել է գործազուրկ: Ուստի պետք է լուծել ավագ սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստման կենտրոնների ստեղծման հարցը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ