Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Աջափնյակ թաղամասում ընտրողների հետ հանդիպումից, ասաց, որ պատահականության սկզբունքով մի շենք է մտել:
«Վերելակների խնդրին ծանոթացա: Առաջին հերթին բարեկարգ վերելակներ էին, բայց խնդիր ունեին…Սրտի խնդիրներ ունեցող մեծահասակ բնակիչը երեկ 14 հարկ ոտքով էր բարձրացել, որովհետեւ վերելակը խափանումներով էր աշխատել»,-նշեց Արտակ Ավետյանը: Ասաց, որ բնակիչներից ոմանք խուսափել են տեսախցիկի առաջ խոսել, սակայն հետո մոտեցել ու ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք վերաբերում են շենքերի տանիքներին, այգիները ջրելուն: Ռեֆորմիստների թեկնածուն իր հանդիպումները արդյունավետ է որակում:
Նրանից հետաքրքրվեցինք, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում ի՞նչ միջոցներով է լուծելու երեւանցու առաջ ծառացած ամենակենսական խնդիրները: Արտակ Ավետյանը պատասխանեց, որ կանցկացվեն համապատասխան ուսումնասիրություններ, ու ամենավատ վիճակում գտնվող օբյեկտների խնդիրները կլուծվեն ըստ առաջնահերթությունների:
Ավետյանը հայտնեց, որ պատրաստվում է ԿԳ նախարարին առաջարկ ներկայացնել ՊՏՈՒ-ներում վերելակների մասնագետներ պատրաստելու մասին, քանի որ նրա խոսքով, եղած մասնագետները կենսաթոշակային տարիքի են, եւ յուրաքանչյուրը 5-10 վերելակ է սպասարկում:
Ռեֆորմիստների թեկնածուն թափառող շների խնդիրն էլ է կարեւորում. «Շենգավիթ համայնքում մարդը մոտեցավ, ասում է`գիշերը վախենում եմ մետրոյի տարածքով քայլել, որովհետեւ թափառող շների ոհմակներ կան: Պետք է մարդկանց տարածք տրամադրել, որ այդ շների հանդեպ խնամք տանեն, բայց մարդն իր գրպանից դա չպետք է անի»:
Նա կարծում է, որ քաղաքը ղեկավարելիս արվեստագետներին բնորոշ զգացմունքայնությունը չի խանգարի, քանի որ այդպես ավելի հեշտ է մարդկանց հետ շփվելը եւ երկխոսելը. «Քաղաքացին չպետք է մտածի, որ քաղաքապետարանը մի պարիսպ է, որից այն կողմ Օլիմպոսի վրա նստած անհասանելի մարդիկ են»:
Քանի որ Արտակ Ավետյանը ծնվել է Շենգավիթ համայնքում, եւ օրվա մեծ մասն էլ այնտեղ է անցկացնում, հարցրինք` համամի՞տ է, արդյոք, պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ եղած այն մտքին, թե «երրորդ մասը» քրեականացված թաղամաս է:
«Բնավ համաձայն չեմ այդ կարծիքի հետ… Ես ծնունդով շենգավիթցի եմ, թեեւ այժմ ապրում եմ Բաղրամյան պողոտայում: Քաղաքի մտավորականության հիմնական մասը եղել է այդ թաղամասից եւ հիմա էլ այնտեղ է ապրում…Ես կարծում եմ, որ առհասարակ Երեւանում քրեականացված թաղամասեր չկան: Ինքս էլ օրվա 50 տոկոսն անցկացնում եմ Շենգավիթ վարչական տարածքում եւ հանգստություն եմ գտնում»,-ասաց Ռեֆորմիստների թեկնածուն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Արտակ Ավետյանի ֆեյսբուքյան էջից