Սեպտեմբերի 8-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում զանգվածային լրատվության միջոցները եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները պետք է հավատարմագրվեին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությանը հետեւելու համար: Արդեն հայտնի է, որ դրսից դիտորդներ չեն լինելու: ԿԸՀ տարածած տեղեկության համաձայն, հավատարմագրվել է ութ տեղական կազմակերպության 662 դիտորդ եւ 49 լրատվամիջոցի 598 ներկայացուցիչ, որից՝ 10-ը արտասահմանյան 5 լրատվամիջոցից:
Ամենաշատ դիտորդներ հավատարմագրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ 135 դիտորդ, ամենաքիչը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն՝ 14 դիտորդ: Լրատվամիջոցներից առաջատարը www.armrus.info կայքն է՝ 68 հոգու է հավատարմագրել: Մեկական հոգու են հավատարմագրել «Հայոց աշխարհ» թերթն ու «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալությունը: www.armrus.info կայքի այս ակտիվությունը զարմանալի է: Սեպտեմբերի 14-ի ժամը 14:13-ի դրությամբ կայքում վերջին անգամ նյութ էր դրվել օգոստոսի 3-ին, ժամը 19:32՝ 41 oր առաջ:
Ամենաակտիվը «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» կազմակերպությունն է. հավատարմագրել է 97 դիտորդ եւ asparez.am կայքի 54 լրագրող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ