Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը կարծում է, որ երբ Երեւանում քանդվում են պատմամշակութային նշանակության շենքեր, հանրությունը համարժեք ոտքի չի կանգնում. «Հյուսիսային պողոտայում էլ խաբեցին, էնտեղ էլ ասացին 4-5 հարկանի շենքեր են լինելու, բայց տեսեք` ինչեր են սարքել:
Վաշխառուները, բորենիները միջավայր են փչացրել, պատմություն, սրանց հիմա ո՞նց դատես, ի՞նչ օրենքով, ի՞նչ քննություն պետք է անցկացվի, ի՞նչ մանրամասնություններ պետք է իմանանք, որ գնդակահարության պատիժը հետ բերենք:
Գնդակահարությունը փոխաբերական եմ ասում, բայց իսկապես բաներ կան, որոնց համար գնդակահարությունը քիչ է, պետք է գնդակահարել, թաղել, հետո հանել, նորից գնդակահարել»,-ասաց ռեժիսորը:
Նա մտահոգված է Արամի 23 հասցեում գտնվող շենքի ճակատագրով, որտեղ «Հայաստանի փոքրիկ երգիչները» փորձեր է անցկացնում ու որը տարիներ շարունակ «փայփայլվել» է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի կողմից:
Մանրամասն` տեսանյութում
Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը կարծում է, որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր երկրում տեղի ունեցող լավ եւ վատ գործընթացների համար. «Հերթական անգամ վանդալիզմ է տեղի ունեցել: Մարդիկ միշտ առանց հասկանալու անում են մի բան, հետո վերջացնելուց հետո ասում են` վայ, էս ոնց եղավ»:
Կոմպոզիտորը կարծում է, որ արժեք ներկայացնող շենքը խարխլել ու փլուզման տանելը հանցագործություն է, իսկ եթե միտումնավոր է արվել, ուրեմն կրկնակի հանցագործություն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ