«Ինձ համար տհաճ է աղբահանության խնդիրները քննարկելը, որովհետեւ դա նորմալ չի…այս ամենն ընդամենը կանոնակարգման խնդիր ունի: Չեմ կարծում, որ աղբահանության խնդիրն անլուծելի հարցերից է, որի պատճառով այսօր անդադար պետք է բոլորով մտահոգվենք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Երեւանի աղբահանության խնդրին, ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու թեկնածու Պարույր Սանթրոսյանը (լուսանկարում): Նրա խոսքով՝ քաղաքապետը ոչ թե պաշտոն է, այլ աշխատանք, եւ այդ սկզբունքով պետք է մոտենալ ավագանու ընտրություններին. «Չկա նախընտրական ծրագիր, որը լավը չլինի, իսկ թե որքանով են խոստումները իրականանալու, ընտրողը կտեսնի: Մեծ-մեծ խոստումներ կարելի է տալ՝ խոստանալով, ասենք, մետրոյի տասներկու կայարան…»:
Ըստ Պարույր Սանթրոսյանի՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 12 ուժերն էլ մտահոգ են Երեւանի համար. «Իսկ թե ինչու պետք է ընտրել ՀՅԴ-ի՞ն…Թեեւ կան գենետիկ-հակադաշնակներ, հիշեցնեմ, որ ՀՅԴ-ն 128 տարվա պատմություն ունի: Այդ փորձը պետք է հաշվի առնել»:
ՀՅԴ ավագանու մեկ այլ թեկնածու՝ Դավիթ Հակոբյանն էլ ընդգծեց. «Չունենք մեծ փողեր եւ չենք կարող խոստանալ, որ մեր գրպանի հաշվին ենք բարեկարգելու Երեւանը: Չենք կարող ասել նաեւ, որ հույսը դնելու ենք արտաքին ներդրողների վրա: Մեր հիմնական խնդիրն է լինելու՝ ճիշտ կառավարել Երեւանի ռեսուրսները եւ քաղաքը հասցնել նորմալ վիճակի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ