Մեզ է դիմել Դիլիջան քաղաքի բնակիչ, հասարակական սեկտորի աշխատող Արարատ Ալիխանյանը, որին մտահոգում է կարեւոր մի խնդիր: Նա հայտնեց, որ միջպետական ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան ճանապարհի Թեղուտ գյուղով ձգվող մի հատված ճանապարհաեզրի պաշտպանիչ պատվարների կամ քարերի բացակայության պատճառով երթեւեկության համար վտանգավոր է: Ալիխանյանն ասաց, որ այդ պատվարները կամ ընկել են Աղստեւ գետը կամ էլ` չգիտի, թե դրանք ուր են անհետացել: Այդ ճանապարհի սառցակալած լինելու կամ էլ այլ պատճառներով ավտոմեքենաները կարող են ընկնել գետը:
Ա. Ալիխանյանը հայտնեց, որ ինքն ամեն օր անցնում է այդ հատվածով, շատ պաշտոնյաներ էլ են անցնում այդտեղով, սակայն խնդրին ուշադրություն չեն դարձնում:
Ա. Ալիխանյանը Ֆեյսբուքում խնդրի մասին գրառում է արել, այն հղելով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները` Արարատ Ալիխանյանի