Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանը սեւ PR է անում իրենց դեմ:
Այս առնչությամբ այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցին՝ Լենա Նազարյանը հակադարձեց ձեզ, որ դուք Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն կողմ եք քվեարկել, բազմաթիվ անգամ կոալիցիաների մեջ եք եղել ՀՀԿ-ի հետ, հիմա ինչպե՞ս եք իրենց մեղադրում ՀՀԿ-ի հետ կապեր ունենալու մեջ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն չի սկսել սեւ PR իրականացնել, այդ ամեն ինչը պարզապես եղել է արձագանք՝ օրեր շարունակ սոցցանցերում, կայքերում, Instagram-ում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական ռեկետի, տեղեկատվական տեռորի, որի հանգուցալուծումն ի վերջո եղել է երեկ միտինգի ժամանակ հնչած այդ ելույթը: Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով եւ Instagram-ում եւ ֆեյսբուքում եղել են կոչեր՝ չընտրել կոնկրետ Նաիրա Զոհրաբյանին, կոնկրետ հասցեական կոչեր են եղել: Երբ որ այս ամենը շարունակվում է օրեր շարունակ, բնական է, որ ինչ-որ պահի պետք է լինի արձագանք: Մենք ունենք բազմաթիվ փաստեր մեր ձեռքի տակ եւ առաջիկայում պատրաստվում ենք այդ փաստերը ներկայացնել նաեւ եվրոպական կառույցներին: ՀՀ-ում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը եւ այդ ամեն ինչը ներկայացվելու է նաեւ նրան, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, դուրս է ընդհանրապես տրամաբանության բոլոր սահմաններից: Ամենակոպիտ վիրավորական ձեւակերպումներով թեկնածուի, նրա մտերիմների, հարազատների հասցեին, սպառնալիքներ, կոչեր ու այդ ամեն ինչը իրականացվում է պետական նախարարությունների աշխատակիցների կողմից, բացի նրանից, որ մի քանի հազար հոգուց բաղկացած ֆեյքերից են գալիս, արդեն այդ ամեն ինչն էլ է բացահայտվում, որովհետեւ շատ ապաշնորհ կերպով են անում՝ նույն նկարով մի քանի էջեր են բացում: Երբ որ փաստերը հավաքենք, այդ ամեն ինչը արդեն կտրամադրենք»:
Իվետա Տոնոյանն ասաց, որ կոնկրետ փաստեր ունեն, որ նախարարությունների աշխատակիցներ իրենց էջերում ատելություն են քարոզում կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի հետ կապված:
Հարցին՝ այսինքն, դուք պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած թիմը կազմակերպված ձեր դեմ աշխատո՞ւմ է՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, սոցիալական հարթակներում տիրող ագրեսիայի եւ ատելության մթնոլորտի արձագանքն է եղել Նաիրա Զոհրաբյանի եւ նրա գործընկերների երեկվա ելույթը: Օրեր շարունակ եւ բազմաթիվ փաստեր արդեն իսկ կան, որ պետական կառույցների՝ նախարարությունների ներկայացուցիչներ են, ես չեմ կարծում, որ այս գործընթացը ինչ-որ մեկի աչքից սպրդած լիներ»:
Հարցին՝ եթե նախարարությունների աշխատակիցներ են, ով է ասել, որ Նիկոլ Փաշինյանի թիմից են՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ֆեյսբուքյսն էջերի մոնիտորինգը ցույց է տալիս, թե հետեւողականորեն ինչ գիծ է տարվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ