«Զգացողություն կա, որ քաղաքացիներն ինձ ընկալում են որպես քաղաքապետ: Անգամ շնորհավորում են որպես քաղաքապետի»,-Էրեբունի համայնքում այսօր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: «Դա ոչ թե հաճոյանալու համար է, այլ ինքնաբուխ է ստացվում: Մեզ համար կարեւոր է, որ երեւանցին իրեն ամբողջության մասը գիտակցի»,-դառնալով քաղաքացիների վերաբերմունքին՝ նկատեց Արտակ Զեյնալյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ կայանալիք ընտրությունները համեմատելի չեն նախորդ որեւէ ընտրությունների հետ. «Միջավայրը լավն է: Կա նաեւ հակաքարոզչություն՝ գերազանցապես համացանցի անանուն օգտատերերի կողմից: Դա բնական է, դա էլ է քարոզարշավի ձեւ, բայց մենք նման մեթոդ չենք որդեգրել: Մենք կարծում ենք, որ բաժանություններ չպետք է լինեն»:
Արտակ Զեյնալյանի բնորոշմամբ՝ մարդիկ կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ, բայց դա չպետք է «հակամարտության» առարկա դառնա. «Իրար նկատմամբ պետք է հարգալից լինել՝ ունենալով քաղաքական տարբեր կողմնորոշումներ: Որեւէ մեկին որեւէ տեղից չենք «քշում»՝ Երեւանը բոլորի մայրաքաղաքն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ