Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք պետք է այո, քշվեն Հայաստանից» Լենա Նազարյանը՝ ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներին ու որոշ քաղաքական գործիչներին

Սեպտեմբեր 17,2018 12:27

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ կառավարության մաս կազմող ՀՅԴ-ի հետ իշխանությունների հարաբերությունները, ՔՊ-ի հարաբերությունները այսպես ասած «շոկոլադային» չեն, ԲՀԿ-ի հետ էլ հարաբերությունները լարված են, Նիկոլ Փաշինյանն էլ քարոզարշավներին հայտարարում է ասֆալտին փռելու, Հայաստանից լարելու մասին, սա չի՞ նշանակում, որ այնուամենայնիվ, Հայաստանում սկսվել է վհուկների որս՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, դրանք սովորական պայմաններ չէին: Նիկոլ Փաշինյանին, որ ընտրեցին վարչապետ, դա պարտադրանք էր, այդ պարտադրանքը փողոցից էր՝ քաղաքացիների ճնշմամբ դա իրականացվեց, իրենց բարի կամքով դա չիրականացվեց եւ մեր համագործակցությունը կառավարության հետ նույնպես այդ իմաստով պարտադրված էր, ոչ թե մեր ընտրությունն էր մեծ հաշվով: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքների ժամանակ ասած խոսքերին տարբեր, ես չէի ուզի մեկնաբանել»:

Մեր հարցին՝ չի՞ լարվում այսպես իրավիճակը՝ բոլորին մերժելով, բոլորի սխալները հիշեցնելով, չէ՞՞ որ Նիկոլ Փաշինյան ինքն էր ասում, որ այդ էջերը պետք է փակել, անցել են այդ ժամանակները, հիմա նորից հիշեցնո՞ւմ եք՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Շատ կարեւոր է հասկանալ կոնտեքստը: Այդ արտահայտություններն արվում են ի պատասխան: Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառք են բաժանում եւ ըստ էության այդ կոշտ արտահայտություններն ուղղված են այն անձանց, քաղաքական գործիչներին, ովքեր գործում են հեղափոխության արժեքներին դեմ եւ օրինականությանը դեմ: Մենք խոստացել ենք ազատ ու արդար ընտրություններ եւ եթե կլինեն մարդիկ, քաղաքական գործիչներ, կան ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք ըստ էության վտանգում են ընտրությունների օրինականությունը եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան եւ պետք է այո, քշվեն Հայաստանից»:

Մեր զարմանքին, որ ովքեր ընտրակաշառք են բաժանում, պետք է քշվե՞ն Հայաստանից, ի՞նչ մեթոդներով պիտի քշվեն՝ Լենա Նազարյանն արձագանքեց. «Փոխաբերական իմաստով պիտի քշվեն: Ես կրկնեցի պարոն վարչապետի ասածը, բնական է, որ օրենքի սահմաններում պատասխանատվության մասին է խոսքը»:

Մենք ճշտեցինք՝ ո՞վ է բաժանում ընտրակաշառք՝ տիկին Նազարյանն ասաց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, իրենք դիմել են իրավապահներին, փոխանցել են տեղեկությունները, որոնք քաղաքացիները հաղորդում են. «Ես այսօր առավոտյան իմացա, որ շենքերում փող են բաժանում, չեմ կարող ասել մասսայական բնույթ ունի, թե ոչ, անմիջապես հաղորդել ենք իրավապահ մարմիններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930