Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ»

Սեպտեմբեր 17,2018 12:10

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադարձավ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի բարեկամները տեղ են գտել «Իմ քայլը» դաշինքում:

Լենա Նազարյանն ասաց. «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենը անուն ազգանվան համընկնում է: Տիկին Զոհրաբյանը նաեւ նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է, մենք պատկերացում չունենք ում մասին է խոսքը: Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն եւ կան նույնիսկ տեսանյութեր: Գորգերով ճանապարհ փակելու հայտնի ակցիան իրականացրել է նա Աբովյան փողոցում»:

Լենա Նազարյանը ԲՀԿ-ին ու, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանին այսպես պատասխանեց. «Այն մասին, թե ումից ինչ է ուզում տիկին Զոհրաբյանը, ասեմ, որ «Ծառուկյան դաշինքը» ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ինչպես նաեւ այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: 2008-ի մարտի 21-ին՝ Մարտի 1-ից 20 օր հետո տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երեւանում հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ եւ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացնում ՀՀԿ-ի հետ համագործակցությա՞ն…Մենք բոլորս պետք է արձանագրենք տիկին Զոհրաբյանի այն ասածը, որ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, Սերժ Սարգսյանը գոյություն չունի: Ես հույս ունեմ, որ իրենց կողմից արված այս հայտարարությունը վերջնական է»:

Հարցին՝ ԲՀԿ-ն, որը ձեր կառավարության մաս է կազմում, քննադատում է ձեզ իրենց սեւ PR-ն անելու համար, ձեր թեկնածուին հրավիրում է բանավեճի՝ առանց Նիկոլ Փաշինյանի, ինչո՞ւ չի գնում բանավեճի՝ Լենա Նազարյանը պատասխանեց, որ ինքը կողմ է, որ բանավեճեր լինեն, բայց դա Հայկ Մարությանն ինքը պետք է որոշի. «Կարծես թե նոր պարզ դարձավ, որ տիկին Զոհրաբյանը եւ ԲՀԿ-ն է սեւ PR անում՝ մեղադրելով, որ իշխանության ներկայացուցիչների բարեկամներն են մեր ցուցակում, մինչդեռ նրանք են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն, նրանք են արտակարգ դրություն մտցնելուն կողմ քվեարկել ու այդ ամենից հետո նրանք համարում են, որ մե՞նք ենք սեւ PR անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930