Ավագանու անդամի թեկնածու Արամ Գրիգորյանը ներկայացնում է,
թե տեղական հարկուտուրքերն ինչպես են խոչընդոտում ՓՄՁ զարգացմանը մայրաքաղաքում:
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար տեղական հարկուտուրքերին առնչվող խնդիրներ են բարձրացնում: Այդ հարկերը սահմանում է ավագանին, եւ դրանք գնում են համայնքի բյուջե: Քանի որ փոքր ու միջին բիզնեսի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում, ավագանու անդամի թեկնածու Արամ Գրիգորյանից, որն առաջադրված է «Երեւանի հանրություն» դաշինքով, փորձեցինք ճշտել, թե Երեւան քաղաքի տնտեսական համակարգին առնչվող ինչպիսի ծրագրեր ունի իրենց դաշինքը, եւ առհասարակ ինչպիսի խնդիրներ են տեսնում այս ոլորտում:
Պարոն Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ տնտեսական հատվածն առնչվում է ե՛ւ քաղաքի ընդհանուր կառավարմանը, ե՛ւ Երեւան քաղաքի բյուջեին, դրա ծախսերին, բյուջեի եկամտային մասին նույնպես: «Երեւան քաղաքը բավական բարդ համակարգ է, որն իր մեջ ներառում է մի շարք փոքրիկ համակարգեր, որից մեկը տնտեսական համակարգն է: Երեւան քաղաքի կառավարման օրենսդրությունն ասում է, որ այն խնդիրները կամ այն լիազորությունները, որ քաղաքի կառավարման մարմինները իրականացնում են, դրանց համար նախատեսվել են հարկեր, տուրքեր, ծառայությունների մատուցման վճարներ եւ այլն: Եվ Երեւանի ավագանին այդպիսի հարկեր, տուրքեր, վճարներ որոշում ընդունող մարմինն է, եւ դրանք կոչվում են տեղական հարկեր: Օրինակ` գույքահարկը տեղական հարկ է, որը սահմանում է ավագանին, դա վճարվում է համայնքի բյուջե»,- պարզաբանեց պարոն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօր կառավարման մոդելն այնպիսին է, որ այդտեղ հնարավոր է լինեն կոռուպցիոն ռիսկեր. «Օրինակ` համայնքի կառավարման մարմինների կողմից տրվող թույլտվությունների եւ լիցենզիաների խնդիրը: Գյուղատնտեսական արտադրանք վաճառելու համար, եթե տարածքը Երեւան քաղաքի սեփականության մեջ է, պետք է պարտադիր քաղաքապետարանի թույլտվությունը լինի` համապատասխան վճարով: Այդտեղ կարող է լինել թույլտվությունը տալու ոչ օրինական մեխանիզմ: Կամ քաղաքում տեղադրվելիք գովազդը, որը նույնպես փոքր բիզնես է, կամ փոքր բիզնեսին համապատասխան փոքրիկ խանութները, արհեստանոցները, մշակույթին առնչվող փոքրիկ այլ բիզնեսներ եւ այլն: Այդ բոլորի համար թույլտվություններ կազմակերպելը քաղաքի ավագանու լիազորությունների մեջ է, եւ թույլտվությունները տալիս է քաղաքի ավագանին: Այստեղ կարեւորն այն է, որ եթե քաղաքի ավագանին կարողանա ճիշտ որոշումներ կայացնել` կապված վճարների չափի, ծառայությունների մատուցման որակի հետ եւ այդ ծառայությունների գների հետ, այստեղ երկուստեք կշահեն ե՛ւ քաղաքացին, որ օգտվում է այդպիսի ծառայություններից, ե՛ւ կշահի փոքր բիզնեսը` եթե նորմալ գին սահմանվի թույլտվությունների եւ այլնի համար»:
Ավագանու անդամի թեկնածուն վստահեցնում է, որ իրենց դաշինքի ծրագում ամրագրված են նման խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրվեն:
«Մենք հիմնական շեշտը դրել ենք քաղաքային բյուջեի եկամտային մասի աճի վրա, թե ինչպիսի մեթոդներ, գործիքներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի քաղաքային եկամտային մասն աճի: Եկամտային մասն աճեց, մենք կկարողանանք ավելի շատ եւ ավելի որակով եւ ավելի մեծ արժեքի ծրագրեր իրականացնել»,- ասաց Արամ Գրիգորյանը: Նա մատնանշեց գույքահարկին առնչվող խնդիրը. «Կան բազմաբնակարան շենքեր, կա սեփական սեկտոր, եւ կան շքեղ կառույցներ, որոնց համար գույքահարկ է սահմանված: Այդ շքեղ կառույցների համար գույքահարկի չափն այնքան փոքր է, որ անգամ ծիծաղելի է: Մեր ծրագրում նախատեսել ենք դրա ուսումնասիրությունը, որպեսզի կարողանանք գույքահարկի մասով իմանալ, թե ինչ մասշտաբի բազմաբնակարան շենքեր, ինչ մասշտաբի` սեփական սեկտորներ եւ շքեղ առանձնատներ կան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ առանձնատները գույքահարկի եւ հողի հարկի առումով շատ քիչ են վճարներ իրականացնում քաղաքային բյուջե»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ հաշվարկներ կա՞ն, թե իրականում ինչքան պետք է վճարվեր, բայց սահմանվել են այնպիսի հարկուտուրքեր, որոնք այդքան էլ չեն նպաստել, որպեսզի ավելանա մայրաքաղաքի բյուջեն, հետեւաբար մայրաքաղաքի զարգացման մի շարք ծրագրեր գումարների սղության պատճառով չեն իրականացվել, Արամ Գրիգորյանն ասաց, որ հաշվարկներ չեն կարող լինել, քանի դրանք արվում են օրենքով, եւ օրենքով արված հաշվարկով այնքան է մուտք լինում բյուջե, որքան բյուջե հիմա մուտք ունի:
«Օրենք պետք է փոխվի: Միջազգային պրակտիկա է, շքեղության հարկի վերաբերյալ խնդիր կա, մերոնք փորձեցին իրականացնել ու անմիջապես չիրականացրին, քանի որ շատ արագ հասկացան, որ դա իրենց կհարվածի»:
Ավագանու անդամի թեկնածուն խնդիրների թվին է դասում չօրինականացված կամ վարձակալության իրավունքով տրված այն հողամասերն ու անշարժ գույքը, որոնք սեփականության իրավունքով պետք է քաղաքացիներին տրամադրվեն, սակայն չեն տրամադրվում. «Այսինքն` քաղաքաշինական տեսքի բերվի: Այն օբյեկտները, որոնք քաղաքաշինական տեսքի չեն, վերացնելու անհրաժեշտություն կա, պիտի դա արվի, բայց էն մասը, որը ժամանակին, տարիներ առաջ կառուցել են կամ օգտագործում են, բայց որը որ շատ մեծ խոչընդոտ չէ քաղաքաշինական նորմերին, կարելի է քաղաքաշինական նորմերի տեսք տալ եւ տալ սեփականության իրավունքով: Այստեղ քաղաքապետարանն ունի գործունեություն իրականացնելու մեծ աշխատանք եւ հնարավորություն, եւ սա կարող է համալրել բյուջեի եկամտային մասը»:
Ինչ վերաբերում է առեւտրի օբյեկտների համար առաջացող խնդիրներին, պարոն Գրիգորյանն ասաց. «Առեւտրի փոքր օբյեկտներին տրվում են իրենց օբյեկտներից դուրս վարձակալության որեւիցե տարածքներ, որը եթե ճիշտ գնահատվի, վարձակալության ճիշտ վճար սահմանվի, երկուստեք կգոհացնի ե՛ւ քաղաքի բյուջեին, ե՛ւ այն սեփականատիրոջը, որն օգտագործում է այդ տարածքը: Դրանք հարցեր են, որոնք կարող են քաղաքի բյուջեն շատ արագ համալրել: Փոքր բիզնես ասելով նկատի ունեի ոչ միայն առեւտրի կետերը, այլեւ այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներին: Պետք է գույքագրվի այդ ամենը եւ դրանց համար մտածվի օպտիմալ, արդյունավետ հարկային քաղաքականություն, հարկային քաղաքականություն ասելով նկատի ունեմ տեղական հարկերը»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
15.09.2018