Ասում է զինգործերով մասնագիտացված
փաստաբան Նորայր Նորիկյանը
– Դուք 2009-2012-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի իրավաբան-իրավախորհրդատուն էիք, դատական ատյաններում ներկայացնում էիք մեր զինծառայողների, տուժողների իրավահաջորդների շահերը: Մասնավորապես, զինակոչի հետ կապված խնդիրներով էիք զբաղվում: Այսօր էլ ներկայացնում եք զինվորների շահերը, բայց որպես փաստաբան: Փորձեք համեմատել, ինչը փոխվեց զինվորական հանցագործությունների գործերով: Կարծես վերջերս աճ է նկատվում.ինքնասպանությունների:
– Չէի ցանկանա անդրադառնալ իմ որոշակի շրջանում կատարած աշխատանքներին: Այս փուլում կփորձեմ գնահատական տալ զինված ուժերում կատարվող հանցագործություններին, ուղղվածություններին, աճի դինամիկային: Բնականաբար, զինված ուժերի ամենախոցելի տեղերը դրանք անձի հետ կապված հանցագործություններն են՝ պայմանավորված ինքնասպանությունների, սպանությունների, անդամախեղումների հետ, որն, ինչ խոսք, տարեցտարի նոր թափ է ստանում: Անգամ մեկ դեպքի արձանագրումը ողբերգություն է, լուրջ հետեւությունների տեղիք պետք է տա: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում կան հանցագործություններ, որոնք չեն բացահայտվել, եւ չբացահայտման համար տեսնում եմ իրավասու մարմինների դերը: Դրանք անփույթ աշխատանքի հետեւանք են, նաեւ որոշակի առումով կարելի է արձանագրել, որ դրանք ուղղակի առանձին հովանավորչության արդյունքում մինչ օրս չեն բացահայտվել, եւ չգիտենք իրական մեղավորներն ովքեր են: Թիվ մեկ խնդիրը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն է: Պատճառներից են. մեր զինվորների իրավագիտակցության ցածր մակարդակը, կարծրացված պատկերացումները, թե ստորադասը վերադասի որոշումները բողոքարկելու իրավունք չունի: Ասեմ ավելին: Կա մի ամբողջ օրենք. «Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» անվամբ, որտեղ հստակ սահմանված է բողոքարկման իրավունքի մասին, այն մասին, որ ստորադասն իր վերադասի կողմից կայացրած ենթադրյալ հակաօրինական որոշումը բողոքարկելու իրավունք ունի: Ասեմ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ բողոքարկումը, որպես այդպիսին՝ չի գործում: Տարիներ շարունակ թափառիկ «առասպել» կա զինված ուժերում, որ պաշտպանության նախարարը հանդիսանում է իրավունքի աղբյուր, այսինքն, եթե ՊՆ-ի հրաման է, անկախ այդ հրամանի բովանդակությունից, ստորադաս անձնակազմի համար դիտարկվում է որպես անբեկանելի որոշում: Այս առումով, նման կարծրատիպերը կոտրվել են, երբ ստորադաս անձնակազմից՝ սպաները, զինծառայողները դիմում են ինձ, փորձելով իրենց իրավունքները պաշտպանել, բացի արտադատարանական ճանապարհից դիմել դատական պաշտպանության եղանակին: Պատկերացրեք իրավազուրկ կամ իրավախախտ զինվորին ինչ բարոյահոգեբանական վիճակում կարող ենք ուղարկել մարտական հերթապահության: Մենք չենք ունենա լուրջ արդյունքներ, եթե մարդու իրավունքների խախտումներից դասեր չքաղենք: Տարիներ շարունակ մենք գոնե արձանագրված հանցագործությունների դինամիկայից հետեւություններ չենք անում, դասեր չենք քաղում: Միայն Մեհրաբի զորամասում վերջին երկու տարիներին երկու ինքնասպանության դեպք է գրանցվել, նույնպիսի հանգամանքներում: Երկուսն էլ մինչ այս պահը բացահայտված չեն: Ես որպես տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, քննություն եմ կատարել, ինքս եմ գնացել դիրքեր, ենթադրյալ կասկածյալների անունները տվել, մի շարք ապացույցներ ձեռք բերել: Շատ քննիչներ չեն գնում «մանրուքների» հետեւից, մինչդեռ, ամեն մանրուք կարող է դառնալ գործի բացահայտման բանալի: Չբացահայտված հանցագործությունները ծնելու են նոր հանցագործություններ:
– Պարոն Նորիկյան, կա՞ն կոռուպցիոն ռիսկեր հանցագործությունների բացահայտման հետ կապված:
-Այո: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո վերջին 4 ամսվա ընթացքում 2018թ. ամառային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատներում կաշառքի մի քանի դեպքեր են հայտնաբերվել: Փաստորեն, իշխանափոխությունից հետո էլ կոռուպցիոն դրսեւորումներն անկասելի են, հետեւաբար, մենք պետք է արձանագրենք, որ զինված ուժերի աքիլլեսյան գարշապարը զորակոչը կազմակերպելն է: Քանի որ մենք չունենք իդեալական զորակոչային դասընթաց, քանի մենք չենք ապահովում օբյեկտիվ եւ արդարացի զորակոչային գործընթաց, մշտապես ունենալու ենք կոռուպցիոն սխեմա: Եթե զինկոմիսարիատը թաթախված է կոռուպցիայի մեջ, ակնկալել, որ զինված ուժերում մենք կունենանք ամբողջական մաքուր դաշտ, ուղղակի միամտություն է: Այդ գումար տվող սուբյեկտը, որպեսզի իր երեխան չծառայի, կամ ծառայի իր նախընտրած զորամասում, հետո գնալու է իր զորամաս, գումար է տալու հրամանատարին, որպեսզի հիմա էլ իր տղան արտոնյալ պայմաններում ծառայի կամ չծառայի: Հետեւաբար, մենք պետք է արմատական խնդիր դնենք զորակոչային գործընթացը վերափոխելու ուղղությամբ. սկսած կադրային ռեսուրսից, վերջացրած զորակոչային ռեսուրսի հավաքագրման պրոցեսով, նախազորակոչային տարիքում զորակոչիկների առողջական վիճակի կարգավորման ոլորտով: Դուք գիտեք, որ կոռուպցիոն դրսեւորումներ կան նաեւ թիկունքային աշխատանքում: 2016թ. ապրիլյան պատերազմը լավագույն ցուցիչն էր, թե ինչ է կատարվել բանակի թիկունքում, միլիոնավոր դոլարների յուրացում, դիզվառելիքի, կամ այլ տեսակի բազմաթիվ չարաշահումներ: Այս առումով, կարծում եմ, քաղաքական կամք է պետք զինված ուժերում կոռուպցիայի կանխարգելման եւ չեզոքացման համար: Զինված ուժերը զինվորն է, եթե չկա զինվոր, չկա եւ սպա: Դիրքերը, տեխնիկան, շինությունները դրանք երկրորդական բաներ են:
Բայց եթե մենք ունենք իրավազուրկ զինվոր, իրավազուրկ սպա, մենք չենք կարող խոսել մարտունակ բանակի մասին: Ուստի զինված ուժերի վերնախավի առաքելությունն է զինուժին ներարկել լիարժեք պաշտպանություն:
– Օրեր առաջ «Առավոտ» եկած ապրիլյանի վիրավոր հերոսներից մեկի ծնողն ասաց, թե դիմել է Ձեր գրասենյակ, դատական կարգով որդու կարգի հարցը վիճարկելու համար: Ինչո՞ւ են դիմում հաշմանդամ զինվորները, ի՞նչ խնդիրների հետ են նրանք բախվում:
– Ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրները ես կբաժանեմ երկու մասի. բարոյական հատուցման եւ իրավական: Բարոյական հատուցման համատեքստում նշված խումբը կամ նրանց ընտանիքները վիրավորված են վերաբերմունքից: Նախ, ինձ դիմել են հարյուրավոր զինվորներ, որոնք այդ ժամանակ ընդգրկվել են մարտական հերթապահության մեջ, անգամ մասնակցել գործողությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով չի նշվել այդ մասին, ինչը բնական զայրույթ է առաջացրել: Երկրորդը՝ վիրավորում ստացած զինվորների հետվերականգնողական խնդիրն է: Այդ խնդիրը համալիր մոտեցում է պահանջում, որովհետեւ ՀՀ օրենսդրությունը ոչ միայն նախատեսում է հաշմանդամության կարգի սահմանում եւ յուրաքանչյուր տարի փորձաքննության անցկացում, այլեւ ամբողջական հետվերականգնողական խնդրի ապահովում: Պետությունը պետք է ստանձնի պոզիտիվ պարտականություն վիրավորում ստացածների առողջական խնդիրների հետ կապված: Փորձաքննություն կատարած մարմնի կայացրած որոշման դեմ կան բողոքներ: Հանձնաժողովը պատճառաբանում է, թեեւ կա որոշակի դրական դինամիկա երեխայի առողջականի հետ կապված, բայց փաստացի երեխայի ստացած վիրավորումները, եւ հետվերականգնողական պրոցեսը երեխային չեն դարձրել ինքնուրույն, աշխատունակ քաղաքացի: Նա չի կարող ինքնուրույն քայլել, տեղաշարժվել, բայց հաշմանդամության կարգը երկրորդ է, եւ դիմելու ենք դատարան՝ առաջին կարգ ստանալու համար: Հետեւանքը՝ նաեւ նյութական է: Գաղտնիք չէ, որ առաջին կարգի հաշմանդամն ավելի բարձր թոշակ է ստանում, քան երկրորդ կամ երրորդ կարգինը: Առաջին խմբի զինհաշմանդամներն ունեն բժշկական ապահովման տեսակետից, դեղորայքի առումով ավելի բարվոք հնարավորություններ: Ես կարծում եմ, բժշկասոցիալական մարմինը, ոլորտը համակարգող աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը կարող են այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի հարցը չհասնի դատական պաշտպանության: Զինված ուժերում զինվորական համազգեստն անվճար է: Յուրաքանչյուր ութ ամիսը մեկ ողջ անձնակազմը նոր համազգեստ է ստանում: Հրմա հարց եմ տալիս. ի՞նչ նպատակով են զինհագուստներ վաճառվում, ովքե՞ր են, հետաքննություն կատարեք՝ ովքեր են գնում: Եթե զորամասը տրամադրում է, գնորդը որդու համար ամեն շաբաթ հագուստ է տանում, ու նա փոխո՞ւմ է: Քանի զինվոր գիտեք, որ բողոքել է վերադասին հագուստի որակի հետ կապված, որ այն մաշված է, իրեն չեն տրամադրել հագուստ:
– Պարոն Նորիկյան, ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների եւ տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերով յուրացում հոդվածով։ Նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առեւտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տասը միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ եւ սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։
Դատական գործընթացների հետ կապված տեսանելի են նաեւ սպաների հայցերն ընդդեմ պաշտպանության նախարարության: Ինչո՞ւ աճեցին նման հայցերը:
– Բազմաթիվ սպաներ են դիմել: Քսան տարի ծառայել են, չունեն բնակարաններ: Հետեւաբար, այս մարդկանց խնդիրը մնացել է անլուծելի: Սպան զեկուցագիր էր ներկայացրել, որպեսզի զորացրվի: Հրամանատարի պարտականությունն է այդ զեկուցագրին սահմանած կարգով ընթացք տալ: Մենք ունենք հրամանատարներ, որոնք ստանձնելով նախարարի պարտականությունը, որոշում են՝ սպան ծառայի, թե ոչ, որոշեն սպայի ճակատագիրը: Այնինչ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանել է սպայի զորացրման ընթացակարգը: Սպային ուղարկել են տուն, երեք օր հետո հրաման են տվել սպային ուղարկել հեռավոր զորամասերից մեկում ցածր պաշտոնի: Մարդն ասում է՝ ունեմ առողջական խնդիրներ, քսան տարի ծառայել եմ, եւ առանց հաշվի առնելու նրա պատճառաբանությունները, «պատժել» են՝ զորացրվելու դիմումի համար: Այս գործով հայցադիմումով դիմել եմ դատարան:
Հարցազրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ»
15.09.2018