Անցյալ տարվա համեմատությամբ՝ այս տարի բանան ներկրողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլեւ պակասել է
«Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը», սեպտեմբերի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ու նաեւ շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ որ բազմաթիվ հարցեր կլուծվեն եւ բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի, այսինքն՝ նրանք, որոնք վերջնական լուծումներ չեն ստանա, առնվազն նրանց լուծման գործընթացը կսկսի»։
Օգոստոսի 30-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր թեթեւ արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները եւ հեռանկարները քննարկելու նպատակով: Փաշինյանը քննարկման մասնակիցներին, մասնավորապես, ասել էր. «Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, եւ տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում:… Շատ կարեւորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որեւէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական եւ գործարար ընդունակությունների եւ աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում»:
Ապա նա հավելել էր. «Մեր կառավարության դիրքորոշումը եւ մոտեցումը հետեւյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարեւոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետեւյալ ուղերձը. որեւէ բիզնես, որեւէ գործարար, որեւէ ընկերություն ազատ է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ որեւէ ընկերություն չի կարող կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որեւէ ձեւի հարաբերություն ունենալ պետական որեւէ մարմնի հետ, եւ ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը: Հետեւաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք եւ դրա արդյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետեւյալն է՝ «Հարստացե՚ք եւ հարստացրե՚ք օրինական՝ պետությանը, մարդկանց, բոլորին՝ հավասար դաշտում աշխատելով»:
Տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը եւ գործելու ժամանակն, իսկապես, վաղուց է եկել: Բարենպաստ մթնոլորտի առկայության մասին հայտարարություններին արդեն իսկ պետք է փոխարինեն քայլերը: Վերջերս, օրինակ, նման մթնոլորտի առկայությունը շեշտելու նպատակով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե՝ 240 միլիոն դոլարի իրատեսական ներդրումներ կան: «Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ եւ կազմակերպություններ են հետաքրքրվել ՀՀ ներդրումային միջավայրով եւ հայտարարություններ արել ներդրումների մասին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Խոսքը մայիսի կեսից մինչեւ այս պահին է վերաբերում: Այդ թիվն անցնում է մեկ միլիարդ դոլարը: Դրանից 240 միլիոն դոլարն իրատեսական է: Աշխատում ենք այդ կառույցների եւ քաղաքացիների հետ, որպեսզի իրենց ծրագրերը վերածվեն բիզնես-նախաձեռնությունների»: Նա տեղեկացրեց, որ մայիսից սկսած 57 միլիոն դոլարին համարժեք ներդրումների պատրաստակամություն է դրսեւորվել մի շարք կազմակերպությունների կողմից. «Դրանք, սակայն, առաջիկա տարիներին պետք է կատարվեն»: Նա նաեւ նշեց, որ նախարարությունն առաջիկայում ԱԺ կներկայացնի 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից մեկով կերաշխավորեն օտարերկրյա ներդրողների համար լավ պայմանների ստեղծումը ՀՀ-ում. «Դա պետք է տեղի ունենա պետական մարմինների երաշխավորված եւ կանխատեսելի վարքագծի պայմաններում: Չի կարող պատահել, որ որեւէ պետական մարմին որոշի անել ներդրումային ծրագիրը խաթարող գործողություն»:
Մինասյանի փոխանցմամբ՝ մյուս օրենսդրական նախաձեռնությամբ ավելացնելու են ներդրողների բիզնես-ծրագրերի պաշտպանվածության գործիքները. «Նրանք պետք է ռիսկերից, այդ թվում՝ արտարժույթի տատանման, ապահովված լինեն»:
Ակնհայտ է, որ կառավարությունն առայժմ խոսում է «պատրաստակամությունների», «մտադրությունների» մասին, սակայն ինչպիսին է իրականում պատկերը: Գործնականում իրավիճակը չի կարելի ոգեւորիչ համարել: Ավելին՝ կան նույնիսկ անհանգստացնող փաստեր:
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունները, հասանելիությունը եւ ազատությունը, եւ բոլորը հավասար են լինելու օրենքի ու հարկային մարմինների առաջ: Ես 2017 թվականին ասացի, որ Հայաստանում շաքարավազի եւ բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը եւ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա բանանի եւ շաքարավազի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ, եւ դրա տերը դուք եք՝ ՀՀ քաղաքացիները»:
Անդրադառնանք «բանանի մենաշնորհի» թեմային: Օրերս «Առավոտը» դիմեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, խնդրելով տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն բանան ներկրող ընկերությունների ցանկը՝ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին, ինչպես նաեւ տվյալները՝ թե որքան բանան է ներկրվել Հայաստանի Հանրապետություն՝ 2015, 2016, 2017 թվականներին եւ 2018 թվականի՝ վեց կամ ութ ամիսներին: Մենք ՊԵԿ-ից ստացանք հարցման տվյալները, եւ պատկերը խիստ ուշագրավ է:
Այսպես, 2015թ., երբ Հայաստանի վարչապետն էր Հովիկ Աբրահամյանը՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ Հայաստան բանան է ներկրել 11 տնտեսվարող սուբյեկտ: 2015 թվականին 10,632,345.77 կգ ծավալով բանան է ներկրվել Հայաստան:
2016թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: «Առավոտին» ՊԵԿ-ից տրամադրած հարցմանն ի պատասխան՝ 2016թ. բանանի ներմուծման տվյալները հետեւյալն են. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստան բանան է ներկրել 25 տնտեսվարող սուբյեկտ, ընդհանուր՝ 11,227,303.94 կգ:
2017թ. ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստան 38 կազմակերպություն եւ անհատ է բանան ներմուծվել, ընդհանուր՝ 13,923,690 կգ ծավալով:
Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա՝ պատկերն իսկապես ուշագրավ է: Այսպես, 2018 թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը, Պետական եկամուտների կոմիտեի կողմից «Առավոտին» տրամադրած տվյալների համաձայն՝ Հայաստան բանան է ներկրել 26 կազմակերպություն եւ անհատ, ընդհանուր՝ 14,168,004.97 կգ ծավալով:
Ստացվում է, որ 2017 թվականի համեմատությամբ, այս տարի Հայաստան բանան ներկրողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլեւ պակասել է: Էլ չենք խոսում չարչրկված՝ «բանանի մենաշնորհի» ու դրա վերացման թեմայի մասին: Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած ցանկերից պարզ է, որ Հայաստանում գոնե 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին բանանի մենաշնորհ չի եղել ու չկա:
Մնում է հասկանալ, թե ինչու թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ կառավարության կողմից այդքան հայտարարվում է ներդրումների համար մթնոլորտի փոփոխության, ներդրողների պաշտպանվածության, կոռուպցիայի վերացման եւ այլնի մասին, գործնականում իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլեւ բացասական ուղղությամբ է գնում: Հուսանք, կառավարությունում վերլուծում են պատճառները, թե փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն ի՞նչ վտանգներ են այսօր զգում, ի՞նչն է խոչընդոտում նրանց ավելի ազատ գործելու հարցում, ի՞նչ մտավախություններ, անհանգստություններ, գուցե՝ խնդիրներ նրանք ունեն:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 15.09.2018
Էմմա ջան, այս հարցում կարևորը յուրաքանչյուրի ներկրած բանանի քաշն է. դա ևս պետք էր դիտարկել:
Ոչ պռոֆեսիոնալ վերլուծություն է
Во-первых необходимо анализировать долю каждого импортера в общем импорте. Возможно это единичные поставки связанные с резким увеличением спроса, например под новый год когда монополист не может справиться с обеспечением спроса, тогда в пределах квот допускаются незначительные импортные поставки другими субъектами. Во-вторых необходимо анализировать периодичность импорта различными предпринимателями. В-третьих необходимо обратить внимание на общее количество импорта; уже за 8 месяцев 2018 года импорт бананов превышает показатель 2017 года на 240000, что можно объяснить в основном усилением фактора конкуренции