ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշման կիրարկման ընթացքում գործնականում ծագած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, 09.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N938-Ն որոշմամբ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները համապատասխանեցվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. N107 որոշմամբ սահմանված Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների քանակական նորմերին: Բարձրացվել են նախկինում գործող ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
Միաժամանակ, կարգավորվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման կիրարկման ժամանակ առաջացած խնդիրները, կատարվել են ապրանքների չափման միավորների հստակեցումներ:
Կից ներկայացվում է նաև 09.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N865-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N938-Ն որոշմամբ սահմանված չափաքանակների և նախկինում գործող չափաքանակների վերաբերյալ համեմատական տեղեկանքը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին