Ըստ «168 ժամի»՝ «Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։
Առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և ՀՔԾ թվով 10 աշխատակիցները ներկայացրել են դատարանի և ՀՔԾ որոնումները խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը փորձեց կապ հաստատել կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։ Վերջինս չէր կարողանում հեռախոսով զրուցել. 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները նրան արգելում էին խոսել որևէ մեկի հետ և տեղեկատվություն հաղորդել գործընթացի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.
«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:
Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:
Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն»: