Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին խոսեց ընտրակաշառք բաժանողների մասին: Նա ասաց, որ իրենց քննադատում են, թե Փաշինյանը մասնակցում է Հայկ Մարությանի քարոզարշավին, ու քանի որ նրա վարկանիշը բարձր է ու մասնակցում է, դա նշանակում է, որ ընտրություններն այնքան էլ թափանցիկ, բաց ու ազատ չեն: Փաշինյանն ասաց, որ իրենց թեկնածուներից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած, մեծ հեղինակություն ունեցող անձինք են, այդ թվում՝ Հայկ Մարությանը. «ՀՀ-ում մինչեւ հիմա ավանդույթ է եղել, որ ընտրություններում հաղթել են նրանք, ովքեր ամենապակաս պոպուլյարն են, ամենաքիչ վարկանիշն ունեն, եւ ժողովուրդն ամենաշատն են ատում նրան: Ժողովուրդ, սովորեք, սրանից հետո հաղթում են նրանք, ում ժողովուդը քվեարկում է իրոք՝ սրտանց, ցանկանալով: Հույս ունեմ, որ բոլորս իրար հետ փակել ենք ընտրակաշառքի էջը: Սոցցանցերում լինում են ահազանգեր, որ ընտրակաշառք են բաժանում: Ընտրակաշառք բաժանողները կձերբակալվեն ու կպատժվեն: Անցյալ տարվա մայիսին, երբ ես Երեւանի քաղաքապետի թեկնածու էի, ու մեր թիմը ՀՀԿ շտաբում բռնեց ընտրակաշառք բաժանելու փաստը, քրգործի հարուցումը մերժեցին, մենք բողոքարկեցինք, ու ամեն ինչ ավարտվեց նրանով, որ «Զիբիլիքսի» հայտնի գործն ուղարկվել է դատարան, ու այդ 11 մարդիկ պիտի պատժվեն օրենքով սահմանված կարգով: Խնդիրը քաղաքական ուժը չէ ու գողացվող ձայները չեն, խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր ժողովրդին կարող են փողով առնել, վիրավորել ու նվաստացնել ժողովրդի արժանապատվությունը, մենք ձեզ թույլ չե՛նք տա թպրտալ այս քաղաքում»:
Վարչապետն ընդգծեց, որ շատ կարեւոր է հեղափոխության քաղաքական նպատակն ընտրություններում արձանագրելը, եւ այս ընտրություններն ունեն քաղաքական նշանակություն. «Ցույց տվեք ամբողջ աշխարհին, որ ՀՀ կառավարությունը եւ իշխող թիմը վայելում են հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը: Ցույց տվեք Հանրապետական խորհրդարանին, որ նրանց ժամանակն ավարտվել է, տարբերակ չունեն, խորհրդարանը պետք է լուծարվի»:
Փաշինյանն ասաց, որ անընդհատ դրսում, ներսում ասում են, թե ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարված է ու խնդիրներ կան. «Ես նրանց ասում եմ՝ եթե ձեր կաբինետներում ու կուսակցական գրասենյակներում ներքաղաքական վիճակը լարված է, դա դեռ չի նշանակում, որ հանրապետությունում լարված է, մի հատ փողոց դուրս եկեք ու ցույց տվեք ինձ, թե որտե՞ղ է էդ լարված վիճակը, ձեզ թվում է, թե եթե ուզենաք, կարող եք ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարե՞լ: Եթե դուք ուզենաք ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարել, ՀՀ քաղաքացիները ձեզ կլարեն բառիս բուն իմաստով: Մեր սիրո եւ համերաշխության հեղափոխության թավշյա բնույթի շնորհիվ է, մեր խնդրանքների, մեր կոչերի շնորհիվ է, որ մինչեւ հիմա ձեզ չեն լարել, իրավիճակը նորից շարունակում եք սխալ հասկանալ, էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի՛ արեք»:
Վերջում Փաշինյանն ասաց, որ անառակ որդիներին էլ են սիրում, նրանց, ովքեր ուզում են, որ իրենց ժպիտները վերանան ու ջղաձիգ դեմք ունենան, բայց դա չի լինելու, հաղթել են ժպիտով ու հաղթելու են ժպիտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ