Լրահոս
Օրվա լրահոսը

Պահածո «Ախորժակ»

Սեպտեմբեր 16,2018 21:22

Լոլիկն այն հազվագյուտ բանջարեղեններից է, որն օգտակար է ոչ միայն թարմ վիճակում, այլեւ` եփված, քանի որ ջերմամշակման ենթարկված լոլիկը, եթե նույնիսկ կորցնում է իր մեջ պարունակվող վիտամին C-ն, սակայն մեծ քանակով պարունակում է «լիկոպին» կոչվող նյութը, որը վառ արտահայտված հակաօքսիդանտ է եւ բնական կանխարգելիչ միջոց` սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների դեմ:

Այնպես որ` հնարավորինս շատ պատրաստեք եւ ձմռանը կերեք լոլիկով պահածոներ: Նախորդ շաբաթ ներկայացրեցինք «լեչոն», իսկ այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ախորժակ» կոչվող պահածոյի բաղադրատոմսը` շատ համեղ, բուրավետ, եւ, ինչպես անունն է հուշում, ախորժակ բացող թանձրուկ, որը շատ համեղ է ինչպես մսեղենի հետ` հատկապես խորովածի, այնպես էլ բրնձի, կարոտոֆիլի, վերմիշել-լապշա-մակարոնեղենի հետ:

Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ- 10-12 կգ

Թարմ ծիծակ- 2 կգ (նախընտրելի է վերցնել բաց կանաչ, դեղնավուն տեսակը)

Սխտոր-2 գլուխ

Շաքարավազ- 1 բաժակ

Քացախ- 1 բաժակ

Աղ-ըստ ճաշակի

Մաղադանոս- 1 մեծ կապ

Պատրաստման եղանակը

Վերը նշված քանակի բաղադրամասերով կստանաք 0,5 լիտրանոց տարաներով մոտավորապես 10-13 տարա «ախորժակ»: Եթե ձեզ ավելի փոքր քանակ է պետք, բոլոր բաղադրիչներից կրկնակի պակաս քանակով վերցրեք:

Մինչ պահածոյի պատրաստմանն անցնելը` պատրաստեք տարաները եւ կափարիչները: Տարաները շատ լավ լվացեք տաք ջրով, վերջում ցողեք եռացրած ջրով: Կափարիչները նույնպես շատ մանրամասն լվացեք եւ ցողեք եռման ջրով:

Լոլիկները լավ եւ մանրամասն լվացեք, հատկապես` պոչի հատվածը: Հակառակ կողմում դանակով կեղեւը խաչաձեւ կտրեք, շարեք խորը տարայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք: Այս եղանակով լոլիկների կեղեւները շատ հեշտ է դուրս գալիս: Կեղեւահան անելուց հետո լոլիկները կտրատեք եւ լցրեք մեծ կաթսայի մեջ ու դրեք միջին կրակին: Կարելի է նաեւ աղալ, բայց դա ավելորդ ժամանակ է խլելու, արդյունքն, ի վերջո, նույնն է: Լոլիկները եփեք մոտավորապես 1,5-2 ժամ` պարբերաբար խառնելով փայտե գդալով: Այդ ընթացքում լոլիկների ծավալը բավականին կպակասի` ջրային զանգվածի գոլորշիացման արդյունքում: Ահա այդ ժամանակ, եթե չեք աղացել նախապես, կարող եք ձեռքի կոտորակիչով (բլենդերով) մանրացնել լոլիկները, կստանաք միատարր զանգված:

Ծիծակները նույնպես լավ լվացեք, պոչերը կտրեք, սերմերը հեռացրեք: Ավելացրեք եփվող լոլիկներին, կրակը ցածրացրեք, շատ մարմանդ դարձրեք, եւ թողեք «ախորժակը» եփվի եւս 1 ժամ: Չմոռանաք պարբերբար խառնել: Այդ ընթացքում, երբ նկատեք, որ ծիծակների կեղեւները դուրս են գալիս, զգուշությամբ հեռացրեք` որքան հնարավոր է: Այժմ ավելացրեք մաքրած, լվացած եւ մանր կտրատած սխտորները: Թողեք եւս մեկ ժամ եփվի, որպեսզի սխտորները ամբողջությամբ փափկեն: Ավելացրեք քացախը, աղը, շաքարավազը, եւս 10-15 րոպե անց ավելացրեք լավ լվացած, չորացրած եւ մանր կտրատած մաղադանոսը: Թողեք եւս 10-15 րոպե եփվի եւ հենց այդպես, առանց կրակից հանելու, լցրեք տարաների մեջ եւ արագ փակեք:

Պահածոները պահեք զով եւ մութ տեղում` նկուղում կամ պահարանի մեջ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930