ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ասաց, որ քաղաքական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածություն է խախտվել: Ըստ նրա` ավագանու ընտրություններից առաջ պայմանավորվել էին հարգալից վերաբերմունք ունենալ միմյանց նկատմամբ:
«Եթե հանկարծ մենք իմանանք, իսկ հիմա տեսնում ենք, որ այդ հարգալից վերաբերմունքը չկա, որեւէ մեկը չի կասկածում, որ շատ կոշտ, հուժկու հակահարված են ստանալու նրանք, ում հետ կապված էյֆորիա կա, որ ասում են հաղթել ենք, հեղափոխություն է եղել, ժողովրդի աչքը չի՞ տեսնում, թե էյֆորիայի հետ ինչ խնդիրներ կան»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Անդրադառնակով իրենց կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապողներին՝ ասաց, որ ինքը կուսակցության հիմնադիրներից է ու այսքան ժամանակ Քոչարյան չի տեսել. «Որեւէ անգամ ոչ Քոչարյան եմ տեսել, ոչ նրա ուղարկած մարդուն եմ տեսել, ոչ էլ նամակ ու հեռագիր եմ տեսել, որ Քոչարյանն ուղարկում է ԲՀԿ-ում որոշումներ ընդունելու համար, ի՞նչ են կապում, այսինքն՝ այդ «Քաղաքացիական պայմանագիրը» պայմանագիր է Քոչարյանի հե՞տ, Քոչարյանի հե՞տ է այդ պայմանագիրը, որ նրա PR-ն անում են, ռեյտինգը բարձրացնում, որ գա: Թող նայեն իրենց ցուցակը ու տեսնեն՝ Սերժ Սարգսյանի ինչ բարեկամներ կան այդ ցուցակում, եթե պետք լինի, մանրամասն կհրապարակենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ