Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կոչը՝ օլիգարխներին. «Դադարեցրե՛ք շարասյունով գնալը՝ նույն համարներով, բանդաժներով, անտենաներով, նույն գույնի կոշիկներով ու նասկիներով»

Սեպտեմբեր 16,2018 20:53

Այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում էր: Հանրահավաքին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ուշագրավ ելույթ ունեցավ օլիգարխների ու օլիգարխիայի մասին: Նա նախ ասաց՝ «Ես վարչապետ եմ այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեզ պետք է, երբ ձեզ պետք չլինի, ես այլեւս չեմ լինի վարչապետ, ու մեր թիմը չի լինի իշխանություն»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է այնպիսի կառավարություն լինեն, որ ժողովրդի աչքերի մեջ ուղիղ նայեն. «Մենք չենք ուզում, որ ժողովուրդը նայի այսպես կոչված օլիգարխիայի ձեռքերին, ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ-ում օլիգարխիա եւ օլիգարխներ գոյություն չունեն, որովհետեւ օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն: Հայաստանում այլեւս չկա ու չի լինելու քչերի իշխանություն, որովհետեւ իշխանությունը պատկանում է շատերին, այսինքն՝ ժողովրդին, ու Հայաստանում օլիգարխ ու օլիգարխիա այլեւս չի լինելու: Մենք մի օր մի քիչ կոշտ, մի օր մի քիչ փափուկ, մի օր բարեկամական, մի օր՝ ընկերական, մի օր պաշտոնապես ասում ենք, որ ՀՀ-ում պետք չի, որ լինեն այնպիսի մարդիկ, որոնք ձգտեն լինել արտոնյալ եւ ցույց տան իրենց արտոնությունը: Մեզ պետք չի, որ Հայաստանում իրար հետեւից 10 հատ նույն համարով ավտոներ պտտվեն շարասյուներով՝ ցույց տալու համար, որ իրենք առավել են ինչ-որ մեկից: Բոլոր նրանք, ում հաճույք է պատճառում լինել կամ կոչվել օլիգարխ, նրանք չեն հասկանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացի քաղաքական իմաստը: ՀՀ-ում չկա ավելի բարձր կոչում, քան ՀՀ քաղաքացի լինելը, քան ՀՀ հպարտ քաղաքացի կոչումը: Ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում, հորդորում եմ՝ դադարեցրե՛ք էդ ձեր բազմահարյուր հազարանոց ավտոմեքենաներով երթեւեկելը՝ նույն համարներով, նույն գույներով, նույն բանդաժներով, նույն անտենաներով, նույն գույնի կոշիկներով ու նույն գույնի նասկիներով, որովհետեւ ՀՀ-ում կա մի բարձրագույն կոչում, եւ դա ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, եղե՛ք այդ կոչման մեջ եւ կվայելեք բոլորի հարգանքը: Պետք չի սեփական հարստությունը, սեփական ավտոները, սեփական կոշիկներն ու սեփական «Վերտու»-ները ժողովրդի ու բոլորի աչքը մտցնել, դադարեցրե՛ք ձեր դրամապանակներով բոլորին զարմացնելու ձեր գործելակերպը, հակառակ դեպքում դո’ւք ամեն օր կզարմանաք»:

Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է ոստիկանությանը ուսումնասիրել հարցը եւ օրենքով սահմանված լուծումներ տալ. «Հայաստանում չպետք է լինեն ավտոշարասյուներ, որոնք քշում են մարդկանց վրա, մայթերի վրայով, ուրիշ ավտոների վրայով, որոնք իրենց ամեն քայլով արհամարհանք են արտահայտում ժողովրդի նկատմամբ: Չի՛ լինելու այդպիսի բան»:

Վարչապետը միաժամանակ նշեց, որ գործարարները եւ գործարարությունը չափազանց կարեւոր ինստիտուտ է. «Սա ես չեմ ասում որեւէ մեկին նեղացնելու համար: Ես ուզում եմ, որ ի վերջո տեղի ունենա մեծ հաշտությունը ՀՀ բոլոր քաղաքացիների միջեւ: Այդ նույն մարդիկ՝ գործարարները, իրենց օրինական հարկերը վճարելու, մյուս քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու, իրենց բոլորի հետ հավասար քաղաքացի ընկալելու դեպքում կարժանանան հսկայական հարգանքի ու գնահատանքի, որովհետեւ գործարար խավը շատ կարեւոր խավ է երկրի համար, նրանք արդյունք են ստեղծում, գործարան են ստեղծում, մարդկանց աշխատատեղ են ստեղծում»:

Նա ասաց, որ այն գործարարները, որոնք պատրաստ են ծառայել, հարկերը վճարել, իրենց հարստությամբ ուրիշներին չնվաստացնել, կարժանանան իր հարգանքին. «Հզորացե՛ք, հզորացրե՛ք, բայց ոչ թե ձեր ախրանաները, այլ ձեր հայրենիքը, ձեր երկիրը, ձեր քաղաքացիներին, ձեր հայրենակիցներին, սա՛ է նոր Հայաստանը»:

Վարչապետն ասաց, որ երեխաներն այլեւս չեն ուզենալու նմանվել որեւէ մականունավոր օլիգարխի, ցանկանալու են նմանվել Տիգրան Մանսուրյանին, ցանկանալու են նմանվել Արմենակ Ուրֆանյանին. «Այս երեխաների իդեալը լինելու են Կոմիտասն ու Հովհաննես Թումանյանը, Մարտիրոս Սարյանն ու Մինաս Ավետիսյանը, այս երեխաների երազանքը լինելու է կրթությունը, տիեզերքը, հզոր ապագան եւ ոչ թե Ռենջ Ռովերները, նրանց բանդաժներն ու նույն գույնի կոշիկներն ու գուլպաները: Այս երեխաների իդեալը լինելու են իրենց հայրերն ու իրենց պապերը, նպատակը լինելու է արդարությունը, ազնվությունը, հարգելու են աշխատանքը եւ ոչ թե գողությունը, այս երեխաները հարգելու են բանվորին ու ոչ թե գողերին: Այս երեխաները հասկանալու են, որ չկա աշխատանք, որի համար պետք է ամաչել, ծուլությո՛ւնն է միակ ամոթի հանգամանքը, գողությունն է միակ ամոթի հանգամանքը: Այս երկրում գողերը, գողցողներն այլեւս երբեք չպետք է հարգվեն, նրանք արժանի են միայն ու միայն արհամարհանքի, քրեական պատասխանատվության: Երեւանի թաղամասերում եւ քուչաներում ընտրակաշառք բաժանողներն ու ընտրակեղծարարներն այլեւս թաքուն պետք է քայլեն ու Երեւանի փողոցներում հպարտ պիտի քայլեն ջութակահարները, արվեստագետները, բանվորները, աշխատավոր, իրենց քրտինքով իրենց ընտանիքը պահող մարդիկ, սա՛ է նոր Հայաստանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Լավա վերջում չի ասել կեցցե մայիսի 1 ը։ Բոլշեվիկներնել էին տենց գլուխ հարթուկում։ Բոլորը երազում էին գագարինին նմանվում իբր։ Իրականում երազում էին մի չաղլիկ պաշտոն ձեռք գցելու մասին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930