Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը բացատրեց, թե ինչու չի գնացել Նոր Նորքի հանրահավաքին՝ «քաղաքական ժեստ» անելով մյուս ուժերին

Սեպտեմբեր 16,2018 20:09

Այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում էր: Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իրենք քայլ առ քայլ լուծելու են Երեւանի խնդիրները: Նա ներկայացեց իրենց նախընտրական ծրագրի հիմնական 9 դրույթները ու վերջում ավելացրեց՝ «Հարցը նրանում չէ, թե ով ինչ է խոսք տալիս, թե ով ինչ է գրել, հարցը նրանում է, թե որ քաղաքական ուժն ունի այն քաղաքական կամքը, որ իրականացնի այս բոլոր ծրագրերը»: Մարությանը վստահեցրեց, որ իրենք կիրականացնեն՝ իրենց հզոր թիմի օգնությամբ:

Հանրահավաքին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նախ ներողություն խնդրեց Նոր Նորք համայնքի բնակիչներից, որ իրենց համայնքում տեղի ունեցած քարոզարշավին չի մասնակցել. «Ասեմ ինչում է բանը՝ վերջին շաբաթվա ընթացքում մեր քաղաքական մյուս ուժերի կողմից, ովքեր նույնպես մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին, շատ հաճախ հնչում է մտահոգություն, որ ես ակտիվ ամենօրյա գրեթե ռեժիմով մասնակցում եմ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Իհարկե, մենք պարզաբանել ենք, որ դա համապատասխանում է ե՛ւ հեղափոխական տրամաբանությանը, ե՛ւ ՀՀ օրենքին: ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը, երբ պետության ղեկավար էր, ինքը չէր մասնակցում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Մենք բոլորս գիտենք, թե ինչու չէր մասնակցում, Երեւանի ավագանու նրանց թիմն ասում էր՝ դու էնտեղ մի երեւա, գոնե մի քիչ բնական ձեն հավաքենք: Որովհետեւ եթե առանց քեզ կաշառքը 10 հազար դրամ է, որ դու գաս, դառնալու է 30 հազար դրամ, այնպես որ դրա բացատրությունը նույնպես կա»:

Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց խմբով քննարկել են ու ցանկացել է քաղաքական մի ժեստ անել մյուս ուժերին՝ չմասնակցելով քարոզարշավին, որպեսզի չստացվի, թե չեն լսում նրանց, բայց արդյունքում վատ բան է ստացվել. «Պարզվեց, նախապես Նոր Նորքի ժողովրդին իրազեկված էր, որ ես պետք է մասնակցեմ, ես այս նրբության մասին գործնականում իմացա այն ժամանակ, երբ հավաքը Նոր Նորքում արդեն ավարտված էր: Իսկ Նորք-Մարաշում եւ Նուբարաշենում չեկա, որովհետեւ գտնվում է Ֆրանսիայում աշխատանքային այցով»:

Վարչապետն ասաց, որ առաջիկա օրերին ճիշտ է, իրազեկված է, որ ինքը պետք է մասնակցի, բայց չի ուզում, որ տպավորություն ստացվի, թե փակել են իրենց ականջներն ու չեն լսում որեւէ մեկին. «Կապ չունի, թե այդ քննադատությունն ինչքանով ենք արդարացի համարում, բայց նոր Հայաստանի համար շատ կարեւոր է, որ իշխանությունը լսելու ընդունակություն ունենա: Իշխանությունը լսելու ունակություն ունի, բայց չի նշանակում, որ իմ մասնակցությունը քարոզարշավին մենք համարում ենք ոչ ճիշտ, դա օրենքով արգելված չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930