«Ոնց որ դուխով պատգամավոր եմ եղել Հայաստանի խորհրդարանում ու միջազգային կառույցներում, այնպես էլ թույլ չեմ տալու Երեւանից մի լումա գողանան, ձեր հարկերի հաշվին թալանվել է Երեւանի քաղաքային բյուջեն, բոլոր նախկին քաղաքապետերը պատասխան են տալու»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով շրջելիս բնակիչներին ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք օդի մեջ խոստումներ չեն տալիս, ներկայացրել են իրատեսական, ներդրումային ծրագիր, միջազգային կազմակերպությունների հետ արդեն կնքված են ներդրումային փաթեթներ.
«Երևանն այնպես է թալանվել նախկին իշխանությունների կողմից, որ Երևան քաղաքի բյուջեով հնարավոր չէ լուծել Երևանի խնդիրները, ներդրումներ են պետք, որը կարող է ապահովել միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Միջազգային հանրաճանաչ կազմակերպություններն իրենց հետ արդեն կնքել են համապատասխան պայմանագրեր և պատրաստ են ժամ առաջ սկսել աղբավերամշակման գործարանի կառուցում, մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնել Երևանի խայտառակ տրանսպորտային համակարգը փոխելու համար, էլեկտրական տրանսպորտ ներդնել, Երևանի պատմամշակութային դեմքը վերականգնել, Երևանի քաղաքապետարանի հետ կոռուպցիոն սխեմաներով աշխատած «Սանիթեք »կազմակերպությունը…վստահեք այն քաղաքական ուժին, որն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ իր խոսքը գործ է, այսօր սևի և սպիտակի ընտրության հարց չէ, այլ ընտրության հարց է այն քաղաքական ուժերի, որոնք ուղղակի խոսում են, և այն ուժերի, որոնք գործ են անում:
Երևանին կին քաղաքապետ է պետք, քանի որ տղամարդ քաղաքապետերը միայն մտածել են գողանալ ու ապահովել սեփական ընտանիքի խնդիրները»:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ի դեմ պայքարել են ու հաղթել, որպեսզի չլինի միայն մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, բայց. «Հիմա տեսնում ենք, որ քաղաքական ուժերից մեկը ամենաանբարո, ամենաանընդունելի ձեւով փորձում է կրկնել այն, ինչ ժամանակին անում էր ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն, փորձում է պարտադրանքով, սրան նրան ասֆալտին պառկեցնելով՝ անել, ինչ անում էր ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն. հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհ: Հարց ենք տալիս՝ ինչի համար տեղի ունեցավ հեղափոխություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ