«Մարդիկ կան, ասում են՝ ամեն ինչ լավ է, Սերժը գնացել է, էլ ի՞նչ կա անհանգստանալու: Բայց պետք է այդ ամենը կապիտալիզացնել», – Նոր Նորքում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ հեղափոխության կապիտալիզացիան մի այնպիսի նուրբ գործընթաց է, որի ժամանակ պետք է սխալներ չարվեն, որ հետո հիասթափություն չառաջանա. «Երբ ՀՀ-ն դարձավ անկախ պետություն, 10 տարի հետո մարդիկ ասում էին՝ անկախության հռչակման ժամանակ այ էս բանը որ չարվեր, հիմա այս բանը չէր լինի: Հիմա պետք է սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամաս ու ընտրել «Լույս» դաշինքին, սա, ես կարծում եմ, հեղափոխության ամենալավ կապիտալիզացիան է, որովհետեւ բազմազանություն, հավասարություն, հակակշիռներ կբերի, քաղաքական դաշտը կզարգացնի: Հայաստանում քաղաքական համակարգը հիվանդ է եղել, այն դեռեւս բուժման կարիք ունի: Բուժման պրոցեսը մեկնարկել է եւ մենք այդ քաղաքական համակարգի բուժման պրոցեսի աջակիցներից, մասնակիցներից եւ բուժողներից ենք, էլ չասեմ, որ Զեյնալյանն էլ մասնագիտությամբ բժիշկ է»:
Մարուքյանն ասաց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, մասնագիտությամբ ե՛ւ բժիշկ է, ե՛ւ իրավաբան, ե՛ւ մարդկանց կառավարելու փորձ ունի, հասկանում է տնտեսությունից, հասկանում է քաղաքացիական պաշտպանությունից. «Երեւանի քաղաքապետը Երեւանի քաղպաշտպանության պետն է, եթե, Աստված մի արասցե, մի դեպք լինի, այդ մարդը պիտի կարողանա իր վրա բեռ վերցնել: Մենք մի մարդու ենք առաջարկել, որը պատերազմի է մասնակցել, հասկանում է այդ խնդիրներից: Մենք այնպիսի մարդու ենք ներկայացրել, ով ամեն մի որոշում կայացնելիս նայում է Սահմանադրությունն ինչ է ասում, ՏԻՄ օրենքն ինչ է ասում, ՄԻԵԴ-ի նախադեպերն ինչպիսին են, ինչ անել, որ բոլորի իրավունքները պաշտպանված լինեն»:
Մարուքյանն ասաց, որ այլ տարբերակ հեղափոխության կապիտալիզացիայի ինքը չի տեսնում. «Տպավորություն կա, որ մարդիկ կարող է արխային ընկնեն ու չգնան ընտրատեղամասեր, ես ձեզ խնդրում եմ, այդ ժամանակը տրամադրեք, այդ գործից կարեւոր գործ այդ օրը մենք չունենք»: Մարուքյանը վստահեցրեց, որ իրենց թեկնածուներին ընտրելու դեպքում, նրանք ծառայելու են եւ հասանելի են լինելու 24 ժամ:
Ավագանու անդամի թեկնածու Անի Սամսոնյանն էլ ասաց,որ Նոր Նորքում պատրաստվում են անտառ տնկել, որը ջրհեղեղներից քաղաքը կպաշտպանի. «Նոր Նորքն ունի այդ ներուժը՝ ունենալու շատ այգիներ ու անտառներ: Մեր մեկ տարվա գործունեության ընթացքում մենք այցելել ենք, տեսել ենք, որ այն տարածքներում, որոնք կարող էին լինել կանաչ այգի, փոքր անտառ, վերածվել են աղբանոցների: Մենք առանձնացրել ենք այդ տարածքները ու իշխանություն ստանալուց հետո մենք անմիջապես նախաձեռնելու ենք, որ այդ ամայի տարածքները դառնան անտառներ»:
Արտակ Զեյնալյանն էլ իր խոսքում ասաց. «Երբ լսում եմ, թե Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ինձ ինչպես են ներկայացում, թվում է, թե ես անիրական հերոս եմ: Չէ, սիրելի հայրենակիցներ, ես շատ իրական եմ, ձեզնից մեկն եմ: Երբ շատ եմ երթեւեկում երթուղային տաքսիներով, տաքսիներով ու երբ դուրս եմ գալիս փողոց, կարծես խցանում եմ առաջացնում փողոցներում: Շոյված եմ շատ, բայց ես չեմ ուզում տարբերվել ձեզնից, ինձ հաճելի է երթուղային տաքսու մեջ մարդկանց հետ նստել, նայել իրար աչքերին, ես սիրում եմ լինել ձեզնից մեկը՝ շատ պարզ եւ հասարակ: Ամենաբարձր պաշտոնը ազատ քաղաքացին է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ