«Լույս» դաշինքն այսօր քարոզարշավ իրականացրեց Նոր Նորքում: Հավաքի ժամանակ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը ավագանու անդամի թեկնածու է, ներկայացրեց, թե ինչ են իրենք խոստանում հատկապես Նոր Նորքի բնակիչներին: Նա ասաց. «Նոր Նորքից Կենտրոն գնացող ըստ էության մեկ ճանապարհ կա, որը պարբերաբար խցանվում է եւ մեծ անհարմարություն պատճառում բնակիչներին, իսկ կենտրոն տանող մյուս ճանապարհները այնքան էլ հասանելի չեն, երկարացնում են ճանապարհը: Միասնական բանաձեւ չկա խնդիրը կարգավորելու համար, բայց «Լույս» դաշինքը քննարկել է խնդիրը ու իր ծրագրային դրույթներում եւս երկու կետ է ավելացրել, մեկը բոլոր վարչական շրջանների համար կրկնվող լուծում՝ Մյասնիկյան փողոցի վրա առանձնացվող առանձին ավտոբուսային միջանցքն է, որով նախատեսված կլինի բացառապես հանրային տրանսպորտի թողունակությունն ապահովելու համար:
Այդ առանձնացրած գիծը լինելու է բացառապես հանրային տրանսպորտի համար, չի խցանվելու եւ չի ազդելու հանրային տրանսպորտի չվացուցակի վրա: Քննարկում ենք նաեւ արդիականացնել ամբողջությամբ շարժակազմը, կներկրենք նոր ավտոբուսներ ու առհասարակ բացառենք միկրոավտորբուսները: Երկրորդը՝ յուրահատուկ լուծում է՝ նոր ճոպանուղի: Նախկին ճոպանուղին, որը չի գործում, այն վերականգնելն այլեւս անհնար է, նախ այն պատճառով, որ կառուցվել է ներքեւի հատվածում, ինչը խոչընդոտում է նորմերով ճոպանուղու վերականգնումը: Տրանսպորտային ուղեւորահոսքերը դեպի Նորք վարչական շրջան այնքան շատ չեն, որ շահավետ գիծ գործի, այսինքն թե՛ տեխնիկական, թե՛ տնտեսական առումով հնարավոր չէ վերականգնել: Սակայն, մեր կարծիքով, իրատեսական է ունենալ Շրջանայինի հայտնի «Պլանի գլուխը» Նոր Նորք վարչական շրջանին կապող ճոպանուղի, որը կլինի տուրիստական գրավիչ միջոց եւ նոր տրանսպորտային միջոց»:
Խաժակյանն ասաց, որ դա պետք է լինի դրամաշնորհի հաշվին, կատարվում է ուսումնասիրություն, դրա իրատեսական լինելն արդեն ակնհայտ է ու «Լույս» դաշինքը մեծամասնություն ստանալու դեպքում հանձն է առնում այդ ծրագիրն իրականացնել, որը քաղաքային մեծ իրարանցում է լինելու. «Սրանով կթեթեւացնեք ուղեւորահոսքերը եւ Կենտրոնին կապող գլխավոր ճանապարհը կլինի Նոր Նորքի»:
Թեկնածուները նաեւ վերելակային տնտեսության մասին խոսեցին: Դավիթ Խաժակյանն ասաց, որ բազմահարկ շենքերը շատ են, վերելակները գրեթե ամբողջությամբ մաշված. «Նոր Նորքում վթարային վերելակները մեծ ծավալ են կազմում: Վերելակային տնտեսությունը պետք է 100 տոկոսով վերականգնվի, բնակֆոնդի շախտաները պետք է նորոգվեն, վերելակային դետալները նորացվեն ամբողջությամբ»:
Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը նոր օրենք է մշակում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին», որը ենթադրում է, որ նոր համատիրությունները պետք է պայմանագրեր կնքեն բնակիչների հետ ու այդ պայմանագրի արդյունքում բնակիչները հետեւողականորեն կտեսնեն, թե իրենց տրամադրած գումարներն ինչի վրա են ծախսվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ