«Արդարություն եւ օրենք» կարգախոսով այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ Զեյթուն համայնքում:
«ԵԾ» անդամ, ավագանու անդամի թեկնածուները բնակիչներին տեղեկացնում էին, որ «Զարուհի Փոստանջյանը 12 տարի պայքարել է բոլորիս համար, ընտրեք նրան»: Զարուհի Փոստանջյանը մտավ հացի փուռ, լավաշ թխող կանանց հետ զրուցեց: Կուսակցության խոսնակ Սոնա Աղեկյանը հորդորում էր բնակիչներին, որ իրենց կուսակցության նախընտրական ծրագրին ծանոթանալու համար այցելեն իրենց կայքէջ: Նա ասում էր, որ Զարուհի Փոստանջյանը գալիս է ազնիվ ու արդար խղճով, մաքուր ձեռքերով, ունի քաղաքական կենսափորձ, փորձառություն, քաղաքական անբասիր կենսագրություն. «Մենք ունեցել ենք քաղաքապետեր, ովքեր միայն թալանել, կողոպտել են, Երեւանի համայնքային բյուջեն ու հողերը իրենց սեփականություն են դարձրել: Արդյունքում՝ երեւանցին ունեցել է միայն խնդիրներ ու բազում պրոբլեմներ: Այս կամ այն պաշտոնյայի դուռը թակելիս՝ այդպես էլ չի հաջողել իր խնդիրները լուծել: Եթե ուզում եք ունենալ արդարություն եւ օրենք, ընտրեք Զարուհի Փոստանջյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ