Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասաց, որ ահազանգ են ստացել գինու, կոնյակի գործարաններում խաբեության մասին, հանձնարարել է ստուգումներ անել

Սեպտեմբեր 16,2018 15:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ:

Գործարանի տնօրինությունը վստահեցրեց՝ «երկրում խաղողի գնի հետ մենք կապ չունենք»: Վարչապետն արձագանքեց. «հասկանալի է, բայց պարզ է, որ ազդեցություն է ունենում ձեր գինը»:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց. «Մենք նոր զրուցում էինք ու պարզվեց, որ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամ եւ այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում, այսինքն, մենք պլանավորման խնդիր ունենք ընդհանրապես»: Լրագրողների դիտարկմանը, որ խաղողի մթերման գինը թելադրում է մեկ ընկերություն՝ վարչապետը պատասխանեց. «Հիմա ինչում է խնդիրը՝ այս ընթացքում նաեւ մենք պետք է օգնենք գյուղացիներին, որ իրենք սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրողի դերում լինեն: Այսօր գինու արտադրության ոլորտում խաղողի մթերման խնդիր ունենք ու պատկերացնո՞ւմ եք՝ խաղողը մթերում են ավելի քան 400 դրամով: Իսկ գյուղացիներն ունեն ոչ թե այն խաղողից, որը 400-ով են մթերում, այլ այն խաղողից, որը մթերում են 130-140 դրամ, լավ, ինչքան էլ  բարձրանա, մյուս տարի թող լինի 160 դրամ: Այսինքն՝ 1 քմ հողի օգտագործման արդյունավետությունը պիտի բարձրացնենք եւ կառավարությունը պետք է ե՛ւ խորհրդատվական, ե՛ւ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»:

Ըստ վարչապետի, լուծումն այն է, որ պետք է օրինականություն հաստատվի. «Շղթա է, շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել: Լուծումը մեկն է՝ օրինականության պահպանումը, որովհետեւ հիմա ահազանգում են, որ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ թվեր են հրապարակում մթերված խաղողի, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն, ցույց տան, որ խաղող են մթերել ու այդ խաղողից ստացել են սպիրտ»:

Վարչապետն ասաց, որ իր կողմից հանձնարարական պետք է լինի, որ մաքսային մարմինները վերահսկեն այդ ամեն ինչը, որ հետո գնան այդ գործարանները ստուգեն. «Լավ, եթե այսքան սպիրտ ես ներմուծել, այսքան խաղող ես մթերել, բա ո՞ւր է այդքան սպիրտը, պետք է այդ թվերի գումարից ստանանք մի քանակություն, եթե այդ քանակությունը չկա, սպառումը չկա, նշանակում է խաբեություն է տեղի ունեցել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի գործարանների մասի՞ն է խոսքը՝ վարչապետը պատասխանեց. «Ես ասել եմ, որ ինձ չի հետաքրքրում՝ նախկին պաշտոնյա է, թե ներկա, ոչ մի տարբերություն չկա, օրինականությունը դրանով է օրինականություն, որ կապ չունի՝ ներկա, թե նախկին պաշտոնյա է, կամ պաշտոնյա է, թե պաշտոնյա չի, այսինքն, ՀՀ քաղաքացի են, որոնք պատասխանատու են օրենքի առաջ: Եթե քաղաքականացնում եք, ես էլ քաղաքականացնեմ՝ այս բոլոր մանիպուլյացիաները կապ ունի այնպես անենք, որ գյուղացիները նայեն բոլորի ձեռներին, որ ով մի հատ ընտրակաշառք տա, ով մի պարկ սերմ կտա, ով 10 հազար դրամ կտա, ով մուրաբա կտա, ով ինչ կանի, այս շղթան պետք է կտրել»:

Փաշինյանն ասաց, որ գյուղացուն պետք է օգնել ու այդ օգնության վերնագիրը «սուբսիդիա է», բայց թե ինչպես պետք է տալ այդ սուբսիդիան, դա էլ հարց է. «Որ հաշվենք, թե վերջին 20 տարում գյուղացուն ինչքան սուբսիդիա է հասել, բյուջեից որ հանեք, կստանանք մի կլորիկ թիվ, որ գնանք գյուղացուն հարցնենք ինչ ես ստացել, կասի՝ ըստ էության ոչինչ, այստեղ է պրոբլեմը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930