Նիկոլ Փաշինյանից սկսված և այժմ էլ շարունակվող հեղափոխությունը մեր տեսած հեղափոխություններից ամենաանսպասելին ու ամենահեղափոխականն էր: Անցյալ ժամանակով ենք ասում, բայց, փաստորեն, իր սկսած հեղափոխությունը դեռ չի ավարտվել ու դեռևս շարունակվում է: Թերևս երկար շարունակվի: Առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Դրանից հետո՝ Ազգային ժողովի ընտրությունները: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում անհիշելի ժամանակներից ազատ ու արդար ընտրություններ չեն եղել, պիտի ենթադրենք, որ սպասվելիք առաջիկա ընտրությունները նույնպես հագեցած կլինեն հեղափոխական էներգետիկայով:
Հայաստանում հեղափոխությունն ու հեղաշրջումն արդեն տեղի ունեցած փաստ են, բայց, այդուհանդերձ, չենք համարձակվում պնդել, թե այսուհետ Հայաստանում ցանկացած ընտրություն կլինի ազատ ու արդար: Ժողովրդավարությունն ինքն իրեն չի իրականանում. այն ևս աշխատանք է պահանջում, ընդ որում՝ լուրջ ու տևական աշխատանք:
Հայաստանում հեղափոխությունը հաղթեց, և հեղափոխականներն իրենց առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, դարձրին Հայաստանի վարչապետ: Այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հեղափոխականների վարչապետն է, այլև համայն հայության, բայց իրապես ողջ Հայաստանի ու ողջ հայության վարչապետը դառնալու համար Փաշինյանի իշխանության ու վարչապետության օրոք Հայաստանում պետք է տեղի ունենան համաժողովրդական և իրապես ժողովրդավարական ընտրություններ:
Բայց, այսուհանդերձ, հակահեղափոխականության վտանգը կա: Հարկավոր է իշխանությունից հեռու պահել հակահեղափոխականներին, հարկ եղած դեպքերում նաև կոշտ վերաբերմունք հանդես բերել նրանց հանդեպ, բայց նաև հարկ է հավասար վերաբերմունք հանդես բերել քաղաքական բոլոր ուժերի հանդեպ, այլապես ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: Այլապես հեղափոխությամբ իշխանության եկած ուժերը կարող են հավերժ խոսել հակահեղափոխության վտանգի մասին՝ երկրորդական համարելով ժողովրդավարության կարևորությունը: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե նորերը պիտի նստեն ու հանգիստ խղճով նայեն, թե ինչպես են հներն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանում: Ոչ միայն հների, այլև նորերի մտքով էլ ընտրակաշառքը չպիտի անցնի:
Որովհետև փողը մութ տեղն էլ կարող է լույս տալ, և ընտրակաշառք կարող են բաժանել ոչ միայն հները, այլև նորերը, ոչ միայն հակահեղափոխականները, այլև հեղափոխականները, և ընտրակաշառք կարող են վերցնել ոչ միայն հակահեղափոխականները, այլև հեղափոխականները:
Կյանքը ցույց է տվել և շարունակելու է ցույց տալ, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե դա ցանկանան գործող իշխանությունները, այլապես անընդհատ ու մշտապես խոսելու ենք ժողովրդավարության և ազատ ու արդար ընտրությունների անհրաժեշտությունից և երբևէ չենք տեսնելու ու չենք իմանալու, թե ինչ բան են էդ ազատ ու արդար ընտրություն կոչվածն ու իրական ժողովրդավարությունը:
Շատ հեղափոխականներ կարծում են, որ ոչ մի դեպքում ՀՀԿ-ին ու նախկիններին չպետք է հնարավորություն տալ, որպեսզի վերջիններս ներկայացվեն գալիք Ազգային ժողովում: Քաղաքական պայքարն ընդունելի է, գուցե նաև անհրաժեշտություն, բայց ոչ՝ զոռբայության ու ընտրակեղծիքների միջոցով: Եթե նորերն առիթով ու անառիթ քննադատում են նախկիններին՝ վերջիններիս համարելով ընտրակեղծարար և հակաժողովրդավարական, ուրեմն պիտի իրենք ձգտեն ամեն կերպ տարբերվել քննադատության իրենց թիրախից, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ուրիշին քննադատելը շատ հեշտ է, մինչդեռ իսկապես ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելը չափազանց դժվար է, և հատկապես Հայաստանում է չափազանց դժվար, որովհետև Հայաստանն ազատ ու արդար ընտրությունների առանձնապես հարուստ պատմություն չունի, և եթե մի քիչ ավելի անկեղծանանք, պիտի խոստովանենք, որ Հայաստանն ընդհանրապես ազատ ու արդար ընտրությունների պատմություն չունի, և, փաստորեն, էս թավշյա հեղափոխությունը նաև էդ ընտրությունների սկիզբը պիտի դնի, և էդ իմաստով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունը չափազանց կարևոր իրադարձություն է, մանավանդ որ էս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածուների մի չտեսնված բուկետ ունենք՝ մեկը մյուսից սիրուն ու հետաքրքիր: Մեկը մյուսից արժանավոր:
Մի խոսքով՝ չափազանց հետաքրքիր օրեր են սպասվում:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ