Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չմասնակցեց Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին, թեեւ նախապես նրա մասնակցության մասին հայտարարվել էր: Դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանի խոսքով. «Հրատապ հարցեր են առաջացել, վարչապետը չի կարող գալ այսօր»:
Այս վարչական շրջանում եւս, ինչպես մյուս շրջաններում Հայկ Մարությանը ներկայացրեց իրենց ծրագիրը, այն փոփոխությունները, որոնք պատրաստվում են իրականացնել ընտրվելու դեպքում:
«Կան ուժեր, որոնք նույնիսկ այսօր փորձում են խափանել մեր ընտրությունները, փորձելու են կեղծել մեր ընտրությունները, բայց մենք նրանց ասում ենք ՝չեք կարող, չի ստացվելու, որովհետեւ այս հաղթանակը, որն ունենք, ժողովրդինն է, այս հաղթանակը ոչ ոքի չենք տալու»,- ասաց Հայկ Մարությանը:
Նա խոստացավ, որ վերականգնելու են Երեւանը, քաղաքը դարձնելու են երազանքների քաղաք ու վերադարձնելու են երեւանցիներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ