Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նախընտրական քարոզարշավ անցկացրեց Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախ պատասխանեց լրագրողների հարցերին, որից հետո սկսեց քայլերթը համայնքների կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով և շուկաներով: Բաժանվեցին քարոզչական նյութեր, մարդկանց իրազեկեցին նախընտրական Ծրագրի մասին:
Դավիթաշեն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում Զարուհի Փոստանջյանը մտերմիկ ու անկաշկանդ զրույց ունեցավ քաղաքացիների հետ, պատասխանեց նրանց մտահոգող հարցերին, լսեց խնդիրները:
Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը գալիս է ծառայելու մեր հնամյա Երևանին ու երևանցիներին: Այսօր երևանցին ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ ապօրինություններից և կոռուպցիոն գործարքներից տուժած երևանաբնակներ, աղարտված կոլորիտով քաղաք, որը նման է շինլաբիրինթոսի, անօթևաններ, փողոցներում տոննաներով աղբակույտեր, ամեն օր խցանվող փողոցներ, գործազրկություն և սոցիալական բազմաթիվ խնդիրներ… անհատնում են խնդիրները:
«Արդարության և օրենք» կարգախոսի ներքո Զարուհի Փոստանջյանը գալիս է իր ողջ ուժերն ու եռանդը ներդնելու թամանյանական, մշակութային, նորաշունչ ու ծաղկուն քաղաք ունենալու այդ մեծ ու նվիրական գործին: Անբասիր անցյալ, քաղաքական համառ պայքար, անզիջում դիրքորոշումներ, սկզբունքայնություն և վճռականություն՝ ահա այսպիսին է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ և քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի անցած ուղին:
Աջափնյակ վարչական շրջանում ևս քաղաքացիներն ընդգծված համակրանքով ու ջերմությամբ էին ողջունում «Երկիր Ծիրանի»-ի նախագահին, մաղթում հաղթանակ գալիք ընտրություններում:
Այսպես անկոտրում, Արդարությունն ու Օրենքը անխախտ սկզբունքներ հռչակելով՝ Զարուհի Փոստանջյանը շարունակում է իր քարոզարշավը:
Աջափնյակ վարչական շրջանում Զարուհի Փոստանջյանը Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի առջև կարճ ելույթ ունեցավ՝ նշելով, որ շատ կարևոր է մեր կյանքում Սողոմոն Թեհլերյանի գործը և խորհուրդը, ապա ընդգծեց, որ պատահական չէ, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հիմնադրվել է հենց նրա կատարած գործողության օրը, որը բոլորիս գործողությունն էր: Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ հարգանքի տուրք մատուցելով՝ ասում ենք, որ մենք ժառանգներն ենք և պատժել գիտենք, պատժել և հասնել արդարության:
«Երկիր Ծիրանի» կուսակցության մամուլի հաղորդագրություն