Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքագետ Լեւոն Շիրինյանի նախաձեռնությամբ այսօր հիմնադրվեց «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը: Ներկայացնելով կուսակցության գաղափարախոսությունը՝ Շիրինյանը հայտարարեց, որ այն ռեֆորմիստական է՝ ազգային-պահպանողական: «Մեր կուսակցությունը ձեւավորվել է Հայ առաքելական եկեղեցու արժեհամակարգի եւ դավանաբանության հիման վրա: Սա անխախտելի սկզբունք է լինելու: Սա է մեզ սնելու, բայց մենք կրոնական կառույց չենք: Այս տեսանկյունից ՀՔԺԿ-ն քաղաքական դաշտում սովորական կուսակցություն չի լինելու»,-համոզմունք հայտնեց Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ ՀՔԺԿ-ն նպատակ է դրել պաշտպանել ՀՀ մշակութային արժեքները. «Առաջինը պետք է զարգանա Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնը: Սա կուսակցության խնդիր չէ միայն, այն ազգովի պետք է լուծել եւ ՀՀ-ին վերադարձնել մշակութային երբեմնի փառքը»: Լեւոն Շիրինյանը նշեց, որ մտադիր են նոր ձեւավորվելիք խորհրդարանը (ՀՔԺԿ-ն մտադիր է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին) վերածել քաղաքական մարմնի, ոչ թե շահերի բախման կառույցի. «Առաջարկում ենք նոր խորհրդարանում որդեգրել երկու սկզբունք՝ քաղաքական կոնսենսուս եւ սոցիալական երկխոսություն: Կարծում եմ՝ իշխանությունները մեզ կօժանդակեն, որպեսզի բնապահպանական եւ մշակութային ժառանգության պահպանության նպատակով նոր ԱԺ-ում ձեւավորվի բեւեռ, որը բացառիկ նշանակություն կունենա»:
Լեւոն Շիրինյանը նաեւ վստահեցրեց. «ՀՔԺԿ-ն մերժելու է «կլանները» եւ արյունակցական կապերի վրա հիմնած իշխանությունը: Գերդաստաններն այլեւս չպետք է Հայաստանում լինեն իշխանություն»:
https://www.youtube.com/watch?v=cAvMEQnkOW4
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ