Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վարչապետի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրում վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ընդունել էր ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերին: Վերջիններս հայտարարեցին Աննա Հակոբյանի`«Կանայք հանուն խաղաղության» արշավին միանալու մասին:
Մանրամասները`տեսանյութում
Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, տեղեկացրեց, որ «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամ է ստեղծում, այն ծառայելու է ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրների բարելավմանը:
Վարչապետի տիկինն իր շնորհակալությունը հայտնեց որդեկորույս այդ մայրերին`իր նախաձեռնությանը սատարելու համար: Աննա Հակոբյանը հիշեց, որ երբ առաջին անգամ խոսեց այս արշավի մասին`իրեն մեղադրական հարցեր ուղղվեցին. «Թե ինչպե՞ս իմ նախաձեռնությանը կվերաբերվեն Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց որդիներին կորցրած մայրերը: Ես այս հարցի պատասխանն իմ հոգու խորքում իհարկե ունեի, բայց շատ կարեւոր էր, որ այդ հարցի պատասխանն այսօր հնչեց ձեր կողմից»,- ասաց նա: «Մենք` Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներս, ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հետ միասին մինչեւ մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ։ Աշխարհում չկա մի բան, որով մենք կարող ենք ձեզ վարձահատույց լինել, դուք հայրենիքին տվել եք անգինը, անփոխարինելին:
Հիմա ձեր այս քայլով դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, դուք մեծ ծառայություն եք մատուցում բոլոր այն մայրերին, ում որդիների կյանքը դեռ հնարավոր է խնայել: Պատահական չէ, որ ձեր որդիներն են հերոսացել Ապրիլյան քառօրյայում: Նրանց հերոսությունը, սխրագործությունը վստահաբար գիտակցաբար է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մայրերից կծնվեին միմիայն հերոս և քաջ որդիներ»,- ասաց վարչապետի կինը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նաեւ, նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց Աննա Հակոբյանը կոչ արեց`իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին: «Կարծում եմ, կան այդպիսի կանայք, ովքեր կմտածեն եւ կհանգեն այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման տարիներին, այնքան էլ արդար քրտինքով վաստակած ունեցվածք չէ, եւ դրա մի մասը նվիրաբերելով հիմնադրամին, դրանից հետո կարող են ավելի հանգիստ գլուխը դնել բարձին»,- ասաց Աննա Հակոբյանը:
Իրենց ելույթներում, ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերը նաեւ ադրբեջանցի մայրերին կոչ արեցին`միանալ խաղաղության արշավին: Աննա Հակոբյանը կարեւորեց այդ ուղերձը: Նա հույս ունի, որ հայ որդեկորույս մայրերի ձայնը կհասնի ադրբեջանցի մայրերին, նրանք էլ կխոսեն ընդդեմ պատերազմի` հանուն խաղաղության: «Դա միանշանակ չի ընդունվում մեր հասարակության կողմից, այդ ուղերձն անելու համար նույնպես քաջություն է պետք: Ինչո՞ւ միանշանակ չի ընդունվու, որովհետև ինձ այդ ելույթից հետո ասում էին, որ չի կարելի նույնացնել եւ այլն: Բայց արդյոք մայրությունը ճանաչո՞ւմ է ազգություն, կրոն, մաշկի գույն, իհարկե, ոչ։ Մայրությունը միայն ճանաչում է անսահման սեր եւ գուրգուրանք: Սեփական երեխայի կորուստը նույնն է բոլոր մայրերի մոտ»,- ասաց Աննա Հակոբյանը:
Լրագրողները տիկին Հակոբյանից հետաքրքրվեցին` Բաքվից պաշտոնական արձագանք ստացե՞լ է իր արշավի վերաբերյալ: Աննա Հակոբյանն ասաց, որ չի ստացել: Լրագրողները նաեւ նկատեցին`վարչապետի կինը խաղաղություն է քարոզում, մինչդեռ նախօրեին նորից գնդակոծվել է հայկական Չինարին. արդյոք Հայաստանից նման նախաձեռնությունները այլ կերպ չեն հասկացվի: Աննա Հակոբյանն ասաց, որ այս նախաձեռնությունը չի կարելի ընկալել թուլության նշան եւ առավել ևս`տարածքներ հանձնելու մասին խոսք չի կարող լինել: Նա բացառում է դա: Ասում է`եթե պետք լինի, ինքն անձամբ է պատրաստ զենք վերցնել եւ պաշտպանել հայրենիքը: Նաեւ նկատում է, որ իր նախաձեռնությունը կանանց, մայրերի նախաձեռնություն է, ոչ թե Հայաստանի հանրապետություն պետության կողմից նախաձեռնություն: Նա նաեւ հստակեցրեց`մենք Ադրբեջանցի կանանց եւ մայրերից ոչինչ չենք աղերսում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրն էլ իր կողմից հավելեց` սահմանները, որ գծվել են մեր տղաների, պապերի, եղբայրների արյամբ, անսասանելի են. «Մենք աշխարհին դրական մեսիջներ պետք է ուղարկենք, Հայաստանը պետք է բարեկեցության, խաղաղության մոդել լինի: Մեր տղաները զոհվել են եւ մենք ապրում ենք դրա համար, որ տեսնենք կատարյալ Հայաստանը»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին`ինչո՞ւ են այս նախաձեռնությանը միանում միայն ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերը: Պարզվեց`հանդիպմանը մասնակցում են նաեւ խաղաղ պայմաններում եւ տարբեր տարեթվերի զոհված տղաների մայրեր ևս: Հույս հայտնվեց, որ բոլոր զոհվածների ծնողները կմիանան այս ակցիային:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դու տուր մարդտ մեռավ սրան նրան բռնելով , գումար վերցնելով ։Հիմա դու ես մեր փառապանծ տղաների անունով խաղեր տալիս ։ Էլ չգիտեք ինչ դնեք անունը ,մարդկանցից փող շորթելու համար։ Սրանք են տղերքն են ,որ գանգնել էին ձեր կողքին,որ հիմա վարչապետի տիկին ես ։ Իսկ ինչ եք արել դուք? ։ Ոչինչ, հիմա խաղեր ես տալիս ։ Մենք շատ շատ փոշմանել ենք ,իզուր ։