«Վարչապետի հետ արդեն խոսել եմ այդ խնդրի մասին: Նա ինձանից ավելի շատ է ցանկանում, որ ոստիկանների աշխատավարձը բարձրանա: Լինելով երկրի ղեկավար՝ չեմ կարծում, որ նա չուզենա դա: Ո՞վ չի ուզենա, որ ոստիկանի աշխատավարձը բարձր լինի, ոստիկանն էլ ավելի բարեխիղճ ծառայի»,-ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի հերթական նիստում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին հարցին: Նա այս պահին չի կարող ասել, թե ոստիկանների աշխատավարձը երբ կբարձրանա:
«Բայց իրավիճակը խոսում է այն մասին, որ մեր երկիրն ունի ապագա եւ լավ ապագա: Այն զարգանում է, եւ վստահ եմ՝ մեր աշխատավարձն էլ կբարձրանա: Աշխատավարձի հարցն այժմ ոստիկանությանը հուզող առաջնային խնդիրներից է»,-նկատեց Վալերիյ Օսիպյանը:
Նա փաստեց, որ ոստիկանների աշխատավարձը շատ ցածր է, մինչդեռ ոստիկանը վտանգում է կյանքն ու առողջությունը. «Թվում է, թե ոստիկանի ծառայությունը հեշտ է, բայց այդպես չէ: 120.000 դրամով նա գիշեր-ցերեկ ծառայում է: Հավատացեք՝ ոստիկանի համար դա ցածր աշխատավարձ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ